Home / Армения / Հայաստանյան լրատվամիջոցները պահանջում են պաշտպանել Փաշինյանին. ակցիա

Հայաստանյան լրատվամիջոցները պահանջում են պաշտպանել Փաշինյանին. ակցիա

Այսօր ժամը 15:00-ին Սարյանի արձանի տարածքում «Հայկական ժամանակ» օրաթերթի նախաձեռնությամբ կայացավ ակցիա` ի պաշտպանություն թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:

Ակցիային մասնակցող լրատվամիջոցների ղեկավարներին ներկայացվեց հետևյալ բովանդակությամբ հայտարարություն.

«Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունների, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանության ներկայացուցիչներն արձագանքում են կամ անհամոզիչ հերքումներով, կամ հեգնանքով:

Մենք վրդովված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետևողականորեն իրականացվող այս քաղաքականությունից և կարծում ենք, որ «Կոշ» ՔԿՀ-ում նրա անվտանգությունն ապահովված չէ:

Մենք պահանջում ենք իշխանությունից ապահովել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելությունն ու անվտանգությունը: Պահանջում ենք նաև պատժել և կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված կլինեն Փաշինյանի անվտանգության դեմ: Պահանջում ենք ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին»:

Հայտարարության տակ տեղում ստորագրեցին 12 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց թվում են «Ա1+»-ը, Armenia Today, «Հետք» շաբաթաթերթն ու hetq.am լրատվական կայքը, «Հրապարակ» օրաթերթը, «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, «Ժամանակ» օրաթերթը, Գալա TV-ն, News.am, 1in.am, Epress.am, Lragir.am լրատվական կայքերը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ն: