«Կազա» շվեյցարական հիմնադրամի հրավերով Հայաստանում է գտնվում Ազատ ծրագրային ապահովման (Free Software Movement) շարժման հիմնադիրներից մեկը՝ Ռիչարդ Ստոլմանը:
Այսօր նա հանդիպում է կազմակերպել ԵՊՀ-ում, որտեղ հետաքրքրասերների մի հոծ բանակ էր հավաքվել: Իր ելույթը Ստոլմանը սկսել է պարով՝ իր ծրագրի օրհներգ համարվող բուլղարական ազգային երգի ներքո, որի բառերն ինքն է փոփոխել:
Այնուհետև հյուրը սկսել է բացատրել, թե ինչու է ինքը Հայաստանում, որն է եղել հրավերի հիմնական նպատակը:
Մասնագետը համոզված էր, որ մենք՝ հայերս, կիսում ենք իր գաղափարները՝ կապված անկախության, անկախ ծրագրային ապահովմանրգի և դրա տարածման հետ:
«Մենք այնքան ազատ ենք, որքան ինքն ազատությունը», – նշել է Ռիչարդ Ստոլմանը ՝ նախքան կբացատրեր ասածն իր ողջ խորությամբ:
Ըստ Ստոլմանի ծրագրի՝ ծրագրային ապահովման ազատությունը սահմանվում է 4 կետերով, որոնցից անգամ մեկի բացակայության դեպքում կլինի ազատության կորուստ:
Այդ 4 կետերից առաջինը սահմանում է, որ մենք պետք է ազատ լինենք անել այն ամենը մեր համակարգչի հետ, ինչ ուզում ենք՝ առանց սահմանափակման:
Հենց սրա կորուստից էլ սկսում է ազատության կորուստը, որքան էլ հստակ աշխատեն մնացած կետերը:
Երկրորդը տեղում Ստոլմանն առանձնացրեց փոխադարձ օգնության դրույթը:
Նա նշել է, որ երկրորդ դրույթի բացակայությունը վտանգավոր է, քանզի մենք չպետք է անջատվենք հասարակության մյուս անդամներից:
Որպես երրորդ կետ նա առանձնացրել է միմյանց օգնելու և միմյանց հետ համագործակցելու կարևորությունը:
Ստոլմանն այն կարծիքին է, որ ծրագրավորումն ազատ շուկա է, որտեղ մենք վճարում ենք օգնության համար:
«Մենք վճարում ենք զարգացնողին, առաջընթաց ապահովողին. միայն նրանք կարող են փոխել որևէ բան», – ասել է Ստոլմանը:
Նա զուգահեռներ է անցկացրել խորհրդային ժամանակների հետ, որտեղ ծրագրերն անում էին ամեն ինչ՝ կամ ի օգուտ մարդկանց կամ նրանց դեմ: Սակայն իրական ծրագիրը չպետք է լինի այդպիսին, իրական հասարակությունում բոլորը պետք է ազատ և հավասար լինեն և ծրագրերը պետք է աշխատեն մարդկանց օգտին:
Ստոլմանը ծրագրի նկարագությունը եզրափակել է չորրորդ դրույթով, որը մեր՝ օգտատերերիս կողմից բազմաթիվ ծրագրեր ընտրելու հնարավորության մասին էր: Ըստ նրա՝ կամ մենք ինքներս ենք ընտրում ծրագիր և ազատ ենք, կամ ծրագիրն է մեզ ընտրում և ղեկավարում:
Վերջում, փաստորեն, ստացվեց հետևյալ կառույցը՝ ազատ անհատ-ազատ հասարակություն-ժողովրդավարություն: Ազատ ծրագրային ապահովություն ընտրելու հնարավորությունը, ըստ բանախոսի, մեկն է այն գործոններից, որը աջակցում է ազատ անհատի կայացմանը:
Նշենք, որ Ազատ ծրագրային ապահովման շարժումը ստեղծել է GNU համակարգչային համակարգը, որը անվճար է տարածվում և որի միջոցով Ստոլմանի առաջարկած համացանցային և համակարգչային ազատություններն իրականություն են դառնում: