Home / Հայաստան / Կոնգրեսն ամեն օր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացնում

Կոնգրեսն ամեն օր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացնում

Հայ ազգային կոնգրեսն այսօր քաղխորհրդի նիստ է անցկացրել, որի ավարտից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում:

«Քննարկվել են Կոնգրեսի միջազգային կոնտակտները և աշխատանքը միջազգային բնագավառում, մասնավորապես ԵԽ-ում, հանդիպումները ԱՄՆ-ի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ,  քննարկվել է Ազատության հրապարակի վերանվաճման ծրագրի ընթացքը և դրա հետ կապված մեր ռազմավարությունը, ինչպես նաև քննարկվել է  Հայ ազգային կոնգրեսի գիտության և  կրթության ծրագրի մշակման, համաձայնեցման և ընդունման ընթացքը»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը տեղեկացրել է, որ նիստի ժամանակ քննարկում է եղել նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մասին: Քաղխորհրդի անդամները խոսել են այն մասին, թե այդ համատեքստում  միջազգային կառույցների հետ ինչ աշխատանք է անցկացվում:

Լրագրողները Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել են, թե որքան հաճախ է Կոնգրեսն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ ներկայացնում:
ՀԱԿ համակարգողի խոսքով՝ իրենք ամեն օր հայտ են ներկայացնում: Այսօր դեկտեմբերի վեցի համար ևս հայտ է ներկայացվել, ուրբաթ Կոնգրեսը պատրաստվում է հայտ ներկայացնել դեկտեմբերի 8-ի համար, և այդպես շարունակ: