Վաղը` նոյեմբերի 19-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը և պաշտոնատար այլ անձինք։
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության ղեկավարի այցը Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների ինստիտուտ: Տիգրան Սարգսյանը կայցելի նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ ներկա կգտնվի Հովսեփ Օրբելու կիսանդրիի բացման արարողությանը:
Վարչապետը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ: