Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջև բավական թեժ զրույց է տեղի ունեցել Լիսաբոնում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, հաղորդում է Hurriyet-ը:
Նիկոլա Սարկոզին պնդել է, որ Իրանը դիտարկվի որպես հնարավոր միջուկային գրոհի հիմնական աղբյուր: Այս պնդմանը դեմ է արտահայտվել թուրքական կողմը: ՆԱՏՕ-ի ընդունած բանաձևում Իրանն, այնուամենայնիվ, չի հիշատակվել:
Թուրքիան այսպիսով օգնել է իր արևելյան հարևանին` դրանով իսկ և ձևական առումով հավատարիմ մնալով ՆԱՏՕ-ի նկատմամբ ունեցած իր պարտավորոթյուններին և «հարևանների հետ զրո խնդիրներ» սկզբունքին, որի մասին Անկարան մշտապես հայտարարում է վերջին տասնամյակի ընթացքում:
«Պետք չէ մտածել որևէ երկրի անուն նշելու մասին: Հրթիռային վահանը որևէ կոնկրետ երկրի դեմ ուղղված չէ»,- իր ֆրանսիացի գործընկերոջն ասել է Աբդուլլա Գյուլը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասը, այդ թվում` Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, համակարծիք էին Թուրքիայի պահանջի հետ, ըստ որի` պետք չէ հիշատակել Իրանը: Ի վերջո, Ֆրանսիան, որը պահանջում էր Իրանին որպես սպառնալիք դիտարկել, միացել է մեծամասնության կարծիքին:
«Մեր տարածաշրջանում երկրորդ Իրաք չենք ցանկանում»,- լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահը գագաթաժողովի ավարտից հետո: