Նոյեմբերի 23-ի կայացած նիստում ՀՀ սահմանադրական դատարանը, բավարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում էր, որ անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 1-ին մասի. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական և ընտանեկան կյանքը»: Իսկ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»:
Վիճարկվող նորմից բխում էր, որ եթե խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության մարմինը կարող է առանց դատարանի որոշման իրականացնել այդ գործողությունը:
Այս իրավունքի սահմանափակումն առանց դատարանի որոշման, հիմք ընդունելով միայն տվյալ միջոցառումն իրականացնող օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնի որոշումը և խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի` նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնությունը ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուրի` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ: ՀՀ Սահմանադրությունը նշված կարգից որևէ բացառություն չի նախատեսում: