Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» գրքում Վիտո Կորլեոնեն երեք որդի ուներ, որոնցից երկուսը` Մայքլը և Սոննին, կարող էին հավակնել կնքահոր «պաշտոնին»: Սոննիի մահից հետո այդ դերը ստանձնեց Մայքլը: Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևն ունի ընդամենը մեկ որդի, և, ԱՄՆ դիվանագետների կարծիքով, նա իր մեջ մարմնավորում է Սոննիի և Մայքլի որակները: Եթե արտաքին քաղաքականության մեջ նա նման է Մայքլ Կորլեոնեին, ապա ներքին քաղաքականությունում նա միանշանակ Սոննի Կորլեոնեն է: Այսպես է բնութագրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի ԱՄՆ դեսպանատան գաղտնի նամակում` ուղղված ԱՄՆ Պետդեպին, որը գրվել է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին: Նամակը հրապարակվել է WikiLeaks կազմակերպության կողմից:
Նշենք, որ Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» գրքում նյույորքյան իտալական մաֆիայի պարագլուխ դոն Վիտո Կորլեոնեի (ի դեպ, նամակում Վիտոյի հետ են համեմատում Իլհամ Ալիևի հորը` Հեյդար Ալիևին) որդիները` Մայքլն ու Սոննի միանգամայն տարբեր են. Սոննի տաքարյուն է և սիրում է դիմել բացահայտ ուժային մեթոդների, իսկ Մայքլը խորամանկ է և գործում է հաշվենկատ:
Ադրբեջանում Սոննի Կորլեոնեի դիմակը հագնող Իլհամ Ալիևն իր վարչակազմի միջոցով հաճախ է դիմում բիրտ ուժի, նշված է ԱՄՆ դեսպանատան նամակում: Ալիևին որոշ շրջանակներում որակում են որպես «կազմակերպված հանցավորության» ղեկավարի «իմիջ» ունեցող մարդ, և պատահական չէ, որ որոշ փորձագետներ նրան համեմատում են մաֆիայի պարագլխի հետ:
Ալիևը ցանկանում է բավական անկախ արտաքին քաղաքականություն վարել, հաճախ հանդիպումներ է ունենում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, սակայն ակնհայտ է, որ Մոսկվայի վտանգների ցուցակում նա չի միանա ՄիխայիլՍահակաշվիլիին:
Եթե արտաքին քաղաքականության մեջ Ալիևը բավական սառնասիրտ է, ապա ներքին խնդիրները լուծելիս` նա այլ մոտեցումներ է որդեգրում: Ադրբեջանցի բանտարկված բլոգերներ Էմին Միլլիի և Ադնան Հաջիզադեի օրինակը դրա վառ ապացույցն է: Ինչպես և «Կնքահայրը» գրքում, Իլհամ Ալիևը նույնպես ունի իր «կոնսիլյորեն»` խորհրդականը: Դա Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևն է:
«Մենք չգիտենք, թե արդյոք Ալիևը ինքն է հրաման տալիս իրականացնել «պատժիչ գործողություններ երկրում, բայց փաստ է, որ ինքը հաստատում է դրանք, թեկուզ և դեպքերի իրագործումից հետո: Մենք Մեհդիևի ձեռքն ենք տեսնում լրագրողների ձերբակալությունների, ընդդիմության առաջնորդների նկատմամբ իրականացվող ճնշումների, մզկիթները փակելու, մամուլի ազատությունը սահմանափակելու հարցերում: Արդյոք Մեհդիևը խամաճի՞կ է, թե՞ խամաճիկավար: Սա շատ կարևոր հարց է, քանի դեռ նա 71 տարեկան է: 47-ամյա Իլհամ Ալիևի նախագահությունը կարող է տասնամյակներ տևել, և, հավանաբար, դա կլինի առանց իր «կոնսիլյորեի»: Պարզ չէ, թե ում Ալիևը կփոխանցի իշխանության լծակները Մեհդիևից հետո», – նշում են նամակի հեղինակները: