Հայաստանի գործող իշխանություններին մեկ օր է մնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը սկսելու համար. «վաղն արդեն ուշ կլինի»: Նման կարծիք է հայտնել REGNUM գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ նախագահի վարչակազմի Միջտարածաշրջանային և մշակութային հարցերով արտասահմանյան երկրների հետ կապերի նախկին ղեկավար Մոդեստ Կոլերովը:
«Հայաստանի նախագահը պետք է հատուկ հրամանով սկիզբ դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պետական գործընթացին: Օրինակ, կարող են փաստաթուղթ ստորագրել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման մասին կամ ԼՂՀ-ի բնակչությանը նյութական օգնություն ցուցաբերել:
Հենց նման միջոցներով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը 2008 թ. ապրիլի 16-ին, պաշտպանելով Հարավային Օսիան և Աբխազիան վրացական ագրեսիայից, սկսեց պաշտոնական ճանաչման գործընթացը` որպես ՄԱԿ-ի և ԵԱՀԿ Խմբի կողմից հաստատված հակամարտության կարգավորող կողմեր, և, որ ամենակարևորն է, հստակ ձևակերպեց Ռուսաստանի տրամադրվածության լրջությունը Ռուսաստանի և իր դաշնակից երկրների շահերի պաշտպանության վերաբերյալ: Նման կառուցողական գործողությունների բացակայության դեպքում Հայաստանի հռետորությունը` ղարաբաղյան խնդրի հետ կապված, կարելի է որակել որպես վախվորած դատարկաբանություն:
Բանակցային գործընթացի ձախողման և Ադրբեջանի կողմից խոստացած «նոր փուլի» ֆոնի վրա, Երևանի զգուշավորությունը, գուցե, փրկում է Հայաստանի իշխանության միջազգային համբավը, բայց վտանգի տակ է դնում Ղարաբաղի անվտանգությունը` որպես չճանաչված` երկիր միջազգային իրավական և ռազմաքաղաքական տեսանկյունից»,- ասում է Կոլերովը: