ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ժողովրդական կուսակցության` այսօր կայացած համագումարը նշանակալի իրադարձություն է համարել:
Համագումարին հնչեցրած իր ելույթում ընդդիմության ղեկավար երեք պատճառ է նշել, որոնք պետք է հաստատեին վերոնշյալ պնդումը` տասներկու տարի շարունակ ՀԺԿ-ն հանդիսացել է երկրի քաղաքական կյանքի մշտական գործոններից մեկը, դոմինանտ դեր է խաղացել 1998 և 2003 թթ. նախագահական և 1999-ի խորհրդարանական ընտրություններում, հսկայական ավանդ է ներդրել 2007-ին ծնունդ առած Համաժողովրդական շարժման և Հայ Ազգային Կոնգրեսի ձևավորման գործում։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի Ժողովրդական Կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին՝ մաղթելով նույն ակտիվությամբ շարունակել համատեղ ձեռնարկած այն գործը, որը պարտավոր ենք միասնաբար հասցնել իր հաղթական ավարտին։
Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ ՀԺԿ համագումարն իր համար նաև պատեհություն է անդրադառնալու մի հարցի, որն «առանձնակի հաճույքով շահարկվում է իշխանական քարոզչության և «անկախ վերլուծաբանների» կողմից»։
«Խոսքը վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսի հասցեին հնչող այն շինծու մեղադրանքին, որ կազմված լինելով տարբեր գաղափարախոսություններ ներկայացնող կուսակցություններից, վերջինս իբրև թե ընդհանրապես որևէ գաղափարախոսություն կամ ծրագիր չունի, բացի իշխանության ինքնանպատակ ձգտումից։ Տպավորություն է ստեղծվում, սակայն, որ այդպես դատողները կա՛մ պատկերացում չունեն գաղափարախոսության մասին, կա՛մ այդ հասկացությունը նրանց համար բոլորովին այլ բան է նշանակում, կա՛մ էլ դիտավորյալ աղավաղում են նրա էությունը։ Ուստի առկա շփոթը պարզելու համար թերևս հարկ է նախեւառաջ ճշտել եզրույթի իմաստը, մանավանդ որ հայ իրականության մեջ, որքան ինձ հայտնի է, մինչ այժմ նման փորձ չի կատարվել», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նա պատմել է, որ գաղափարախոսություն (idéologie) եզրույթը, որը 1796 թվականին շրջանառության մեջ է դրել ֆրանսիացի փիլիսոփա Դեստյուտ դե Տրասին, թեև ժամանակի ընթացքում արժանացել է բազմաթիվ սահմանումների, բայց դրանցից ոչ մեկը սպառիչ չի կարելի համարել։ Ամենատարածված սահմանման համաձայն՝ գաղափարախոսությունը գաղափարների, համոզմունքների և ձգտումների համակարգ է, որը պայմանավորում է այդ արժեքները կրող հասարակական խավերի, խմբերի կամ դասերի վարքը։
«Ըստ բովանդակության՝ գաղափարախոսությունները պայմանականորեն կարելի է բաժանել երեք տեսակի՝ կրոնական, ռասայական և սոցիալ-քաղաքական։ Կրոնականն ու ռասայականը բացատրության կարիք չունեն։ Ինչ վերաբերում է սոցիալ-քաղաքականին, ապա դրա տակ մտնում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կապիտալիզմը, իմպերիալիզմը, կոմունիզմը, սոցիալիզմը, լիբերալիզմը և այլն։ Բաժանումն, ինչպես ասվեց, պայմանական է, քանի որ իրականության մեջ մաքուր գաղափարախոսություններ գոյություն չունեն. յուրաքանչյուր գաղափարախոսություն միաժամանակ կարող է պարունակել թե՛ կրոնական, թե՛ ռասայական, և թե սոցիալ-տնտեսական բաղադրիչներ կամ տարրեր», – նշել է ընդդիմության ղեկավարը։
Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ գաղափարախոսությունները մեծ մասամբ համամարդկային բնույթ ունեն՝ թեև ծագում առած տարբեր քաղաքակրթություններում, բայց աստիճանաբար յուրացված այլ ժողովուրդների կողմից։
«Հայաստանում առաջացած միակ ինքնուրույն գաղափարախոսությունը թերեւս պավլիկյանականությունն է, որը, հալածվելով սեփական հայրենիքում, միջնադարում լայն տարածում է գտել Բալկանյան երկրներում (բոգոմիլներ) և Ֆրանսիայում (կաթարներ)։ Հայ իրականության մեջ արմատներ գցած մյուս բոլոր գաղափարախոսությունները՝ քրիստոնեություն, կոմունիզմ, սոցիալիզմ, լիբերալիզմ, նացիոնալիզմ ևւ այլն, փոխառված են այլ քաղաքակրթություններից», – ասել է ՀՀ առաջին նախագահը։
Նա նշել է, որ գաղափարախոսություններն ի վերուստ տրված չեն, այլ արգասիք են հասարակական հարաբերությունների։ Ուստի այդ հարաբերությունների փոփոխությանը զուգընթաց, նրանք նույնպես ենթակա են փոփոխությունների։ Կենսունակ ու արդյունավետ են այն գաղափարախոսությունները, որոնք կարողանում են արձագանքել ժամանակի պահանջներին և վերափոխվել դրանց համապատասխան։ Զարգացման անընդունակ գաղափարախոսությունները, որպես կանոն, վերածվում են աղանդների։ Իսկ երբ գաղափարախոսություններն ուղեկցվում են մոլեռանդությամբ ու անհանդուրժողականությամբ, դառնում են համընդհանուր չարիք, ինչպես ինկվիզիցիան, գուլագը, ֆաշիզմը, միջազգային տեռորիզմը և այլն։
«Մի խոսքով, որևէ գաղափարախոսության առավելություններն ու թերությունները տեսանելի են միայն այն գործադրող ուժերի գործունեության արդյունքում, ինչը նշանակում է, որ գաղափարախոսությունների գնահատման ուրիշ չափանիշ գոյություն չունի», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Վերադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի հասցեին հնչեցված վերոհիշյալ մեղադրանքին` նա առաջարկել է դիտարկել, թե որքանով է այն արդարացված կամ որքանով է համապատասխանում իրականությանը։
«Գաղտնիք չէ, անշուշտ, որ Կոնգրեսի կազմում իսկապես ընդգրկված են տարբեր գաղափարախոսություններ դավանող ուժեր, որոնք ներկայացնում են Հայաստանի գրեթե ողջ քաղաքական ներկապնակը՝ սկսած լիբերալներից ու սոցիալիստներից, ավարտած ազգայնականներով ու պահպանողականներով։ Ավելին, Կոնգրեսի հռչակագիրը ոչ միայն չի կաշկանդում իր անդամ-կուսակցությունների ինքնուրույնությունը, այլեւ երաշխավորում է նրանց գործունեության լիակատար անկախությունը։ Ո՞րն է, արդ, այն միավորող գաղափարախոսությունը կամ քաղաքական ծրագիրը, որը երկուսուկես տարի շարունակ ապահովում է Կոնգրեսի անժխտելի կենսունակությունն ու վճռորոշ դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, կամ ի՞նչն է Կոնգրեսին անդամագրված ուժերին ստիպում իրենց կուսակցական շահերն ստորադասել մի ավելի գերակա խնդրի։
Այդ գերակա խնդիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկիրը կործանումից փրկելու հրամայականը, այն է՝ ավազակապետության կազմաքանդումը և սահմանադրական կարգի վերականգնումը։ Ինչ վերաբերում է գաղափարախոսությանն առնչվող դատարկաբանություններին, ապա չպետք է մոռանալ, որ որևէ պետության սրբություն սրբոցը սահմանադրությունն է, իսկ գաղափարախոսությունները կոչված են սոսկ դրան սպասարկելուն։ Նրանք ընդամենը գործիք են սահմանադրությունը կյանքի կոչելու ու պահպանելու համար։ Ո՞ւմ են պետք լիբերալիզմը, սոցիալիզմը կամ նացիոնալիզմը, երբ սահմանադրությունը պղծվում է կամ չի գործում։ Կամ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպես է լուծվում սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը՝ լիբերալիստաբար, սոցիալիստաբար, թե՞ նացիոնալիստաբար։ Երբ տանը հրդեհ է բռնկվում, ո՞ւմ հոգն է, թե կրակն ինչ միջոցով ես հանգցնում՝ ջրով, փրփուրով, թե՞ ավազով։ Անդունդ գլորվող երկրի համար կա՞ ավելի վեհ գաղափարախոսություն, քան ինքը սահմանադրությունը։ Կա՞ն ավելի կարևոր նպատակներ, քան ժողովրդի անվտանգության և բարօրության ապահովումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարական ազատությունները, արդար ընտրությունները, իշխանության թևերի հավասարակշռությունը, դատարանների անկախությունը, սեփականության անձեռնմխելիությունը, ազատ ձեռներեցությունը, հարեւան երկրների հետ խաղաղ գոյակցությունը եւ այլն։ Սա այն ամենն է, ինչն արձանագրված է Հայաստանի սահմանադրության մեջ, եւ սա է այն ամենը, ինչն իր առջև խնդիր է դրել վերականգնել Հայ Ազգային Կոնգրեսը», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ընդդիմության առաջնորդը համեմատել է սահմանադրության ներկայացրած պատկերն այսօրվա իրականության հետ, ևնշել, որ նրանց միջև ահռելի անունդ գոյություն ունի:
«Այնպես որ, Կոնգրեսի գաղափարախոսական հենքի բացակայության մասին իշխանական քարոզչության մոգոնած խոսակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ էժանագին սպեկուլյացիա՝ ժողովրդի ուշադրությունը երկրի առջև կանգնած իրական խնդիրներից շեղելու համար։ Մենք ասում ենք՝ դուք բռնությամբ զավթել եք իշխանությունը և բռնի միջոցներով էլ պահպանում եք այն, մեզ պատասխանում են՝ իսկ դուք գաղափարախոսություն չունեք։ Մենք ասում ենք՝ դուք խախտում եք մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական ազատությունները, թալանում երկիրը, մեզ հակաճառում են՝ իսկ դուք ծրագիր չունեք և այլն։ Եթե իշխանություններին թվում է, թե այս խղճուկ մարտավարությամբ կարող են փրկել իրենց կամ նվազեցնել Կոնգրեսի ժողովրդականությունը, նրանք չարաչար սխալվում են, ինչում շուտով բոլորը կհամոզվեն։ Մի՞թե նշանակալից չէ, որ երկուսուկես տարի շարունակ իշխանական քարոզչության, իրենց անկախ համարող վերլուծաբանների և ընդհանրապես մամուլի գլխավոր թեման եղել և մնում է Հայ Ազգային Կոնգրեսը։ Եվ մի՞թե կարելի է մեր գործունեության սրանից ավելի մեծ գնահատական պատկերացնել», – իր ելույթի հիմնական թեման հռետորական հարցով է ավարտել Լևոն Տեր-Պետրոսյանը։