«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմում-ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահին և վարչապետին, որով առաջարկել է փոփոխություններ կատարել կառավարության աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող Կառավարության որոշումներում:
Դիմում-ուղերձում ասվում է, որ հետերկրաշարժյան տարիներին հիմնականում սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, գործազրկության և անօթևանության պատճառով Հայաստանից ու հատկապես աղետի գոտուց հազարավոր ընտանիքներ արտագաղթեցին:
«Նրանց թվում կան հարյուրավոր այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժին բնակարան էին կորցրել, սակայն մինչև օրս պետության կողմից չեն փոխհատուցվել: Իսկ նման ընտանիքներից շատերը, վերահաշվառման ժամանակ բացակայելով Հայաստանից, հաշվառված չեն հերթացուցակներում եւ փաստորեն զրկված են բնակարան ստանալու իրավունքից, քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հաշվառման կարգը սահմանող կառավարական որոշումներով դիմումների ընդունման վերջնաժամկետ էր նշանակվել 2008 թ. դեկտեմբերի 15-ը: Ավելին, նույն որոշումների համաձայն՝ սահմանված ժամկետում դիմում չներկայացրած անձանց նկատմամբ բնակարանների արտահերթ հատկացման մասով պետական աջակցության պարտավորությունները համարվում են դադարեցված: Ցավոք, այս որոշումը տարածվում է նաև 2008-ից հետո հայրենիք ներգաղթած տասնյակ անօթևան ընտանիքների վրա, ինչի պատճառով աղետի գոտում վերջին երկու տարիներին հայրենիք վերադարձած փաստացի անօթևան, սակայն անօթևանի կարգավիճակից զրկված ընտանիքները պարտադրված են կրկին հեռանալ Հայաստանից: Ի դեպ, ներգաղթած ընտանիքներից շատերը չունեն անգամ ժամանակավոր կացարաններ և բնակվում են հարազատների կամ վարձակալած բնակարաններում», – նշված է դիմում-ուղերձում:
Դիմում-ուղերձի հեղինակներն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունը շուտափույթ կերպով կանդրադառնա վերը շարադրված հիմնախնդրին և հաշվառման կարգի վերաբերյալ որոշումներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելով` երկրաշարժի պատճառով անօթևան մնացած, սակայն Հայաստանից ժամանակավորապես բացակայելու և տարաբնույթ այլ պատճառներով հաշվառումից դուրս մնացած ընտանիքներին հնարավորություն կտա օգտվելու անօթևանների հերթացուցակներում հաշվառվելու և կորցրած բնակարանի դիմաց փոխհատուցվելու իրավունքից: