Հոլանդական «Այաքսում» հանդես եկող Արաս Օզբիլիսը կարող է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Նա նշել է, որ երկու օր առաջ դիտել է Օզբիլիսի խաղն «Այաքսի» կազմում, և ֆուտբոլիստը լավ տպավորություն է թողել իր վրա:
Վարդան Մինասյանի խոսքով` նախկինում Օզբիլիսը դիտարկվում էր որպես երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ, իսկ այժմ նա Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է: Հավաքականի մարզիչն ասել է, որ ամռանն Օզբիլիսը եկել էր Հայաստան, և ինքը հնարավորություն էր ունեցել ծանոթանալ ֆուտբոլիստի հետ, նրան տեսնել նաև մարզումների ընթացքում:
Ազգությամբ հայ Օզբիլիսը Հոլանդիա է տեղափոխվել Թուրքիայից և վերջին տարիներին մարզվել է «Այաքսի» դպրոցում: Մրցաշրջանի մեկնարկից առաջ նա համարվում էր «Այաքսի» պահեստային ֆուտբոլիստ, սակայն վերջին շրջանում նրան սկսել է վստահել հոլանդական թիմի մարզիչ Մարտին Յոլը, իսկ Հոլանդիայի առաջնության ՆԵԿ ակումբի դեմ կայացած վերջին հանդիպման ժամանակ Օզբիլիսը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում: