Հայկական կողմն Աստանայում ստացավ այն, ինչ սպասում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Աստանայում կայացած ելույթը որակել է որպես «կարևոր և բացառիկ» այն առումով, որ եթե բանակցությունները տապալվեն և բանակցող կոմղերը հայտարարի չգան, և Ադրբեջանը ռազմական լուծում պարտադրի, ապա Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը:
«Կարծում եմ, որ դա մեր կողմից հնչեցված սպառնալիք չէ և դա մեր ցանկությունը չէ»,- ասել է Գագիկ Մելիքյանը:
Ասուլիսի ևս մեկ մասնակից ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, իր հերթին, նշել է, որ մինչ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը չկային սպասելիքներ, որ այնտեղ արմատական տեղաշարժեր կարող են տեղի ունենալ:
Խաչատրյանը Սերժ Սարգսյանի ելույթը նույնպես համարեց դրական:
ԱԺ պատգամավորի խոսքով` Ադրբեջանն իր ռազմաշունչ հայտարարություններից հետո, այունամենայնիվ, «հետ է գնացել ինչ-որ տեղ, քանի որ իրենց պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում շարունակվելու են»:
«Աստանայում վճռական խոսակցությունը փաստվել է, բայց թե որ կողմ կշարժվի գործընթացը դժվար է ասել»,- ասաց Վարդան Խաչատրյանը: