«Ադրբեջանցի փորձագետների և քաղաքական գործիչների հետ շփումների ժամանակ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ իրենք քաղաքացիական հասարակության մակարդակով ցանկանում են հիմա ընդլայնել կոնտակտները հայերի հետ», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաքու կատարած այցից իր տպավորություններով է կիսվել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-3-ին Գրիգորյանը Բաքվում մասնակցել է Հարավկովկասյան անվտանգության միջազգային համաժողովին: Վերջին տասը տարիների ընթացքում սա ՀՀ քաղաքացիական հասարակության դաշտի ներկայացուցչի առաջին այցելությունն էր Ադրբեջան:
Պատասխանելով համաժողովի մասնակիցների անվտանգության ապահովման մասին Epress.am-ի հարցին` քաղաքագետն ասել է, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի եղել. «Բոլոր մասնակիցները հավասար պայմաններում էին, բավական լավ էր կազմակերպված այդ կոնֆերանսը: Մարդիկ հանգիստ շփվում էին, հանգիստ ելույթ էին ունենում»: Գրիգորյանի խոսքով` հետաքրքրությունն իր նկատմամբ` որպես հայի, , իհարկե, ավելի բարձր էր, և նրա ելույթը ուշադրությամբ էին լսում:
«Ես իմ նկատմամբ նույնիսկ մասնավոր քննարկումների ժամանակ չեմ զգացել ագրեսիա», – ասել է քաղաքագետը:
Գրիգորյանը այցելել է նաև Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, որը, նրա խոսքերով, բավական լավ վիճակում էր: Տարվում են վերականգնողական աշխատանքներ, իսկ այժմ եկեղեցին գտնվում է Ադրբեջանի կառավարության վերահսկողության տակ:
«Կարծում եմ, որ դա բավական դրական մեսիջ է, որ նրանք այդ քայլերն արեցին: Փաստորեն, նրանք ասում են, որ դա հայկական եկեղեցի է, և վերականգնում են այն»: Իսկ հարցին, թե ով կայցելի հայկական եկեղեցի, եթե Ադրբեջանում հայ չկա, Գրիգորյանը պատասխանեց, որ Ղարաբաղի հարցի լուծումից հետո անպայման կսկսվեն հայ և ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ քննարկումները: Այս հարցը ևս բարձրացվել է համաժողովի ընթացքում:
«Սակայն դեռ վաղ է դրա մասին խոսել», – եզրափակել է քաղաքագետը: