Home / Հայաստան / Կառավարությունը փորձում է կասեցնել տնային պայմաններում թմրադեղերի պատրաստումը

Կառավարությունը փորձում է կասեցնել տնային պայմաններում թմրադեղերի պատրաստումը

Նկատի առնելով մեր երկրում արձանագրված թմրամոլների թվի կտրուկ աճը` կառավարությունը մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վերոնշյալ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը և սեդալգինը։
Եվս մեկ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ առկա է օրենսդրական բաց` կապված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնող անձանց պատասխանատվության ենթարկելու հետ։

Կառավարությունն ակնկալում է, որ օրինագծի ընդունմամբ կնվազի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ապօրինի շրջանառությունը և հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել խախտող անձանց։