Human Rights House Foundation միջազգային կազմակերպությունը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանին եւ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
«Human Rights House Foundation-ի անդամները լրջորեն անհանգստացած են քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա կատարված վերջին հարձակումներով և կոչ են անում Հայաստանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրան, – մասնավորաբար, ասված է նամակի մեջ:
Human Rights House Foundation-ը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը, ով «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է և ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար:
Նշենք, որ Human Rights House Foundation կազմակերպությունը համագործակցության ֆորում է, որը միավորում է 70 հասարակական կազմակերպությունների՝ աշխարհի 15 երկրներում` Արևմտյան Բալկաններում, Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում, Արևելյան Աֆրիկայում և Արևմտյան Եվրոպայում: Կազմակերպության նպատակն է պաշտպանել և աջակցել իրավապաշտպաններին և նրանց կազմակերպություններին: