Ամոթ է ապրել մի երկրում, որտեղ զանգվածային անկարգություններն ուղեկցվում են ազգայնական կարգախոսներով: Անհնար է երեխաներին միայնակ մետրո թողնել. իսկ ոչ սլավոնալան արտաքինով մարդկանց համար պարզապես վտանգավոր է փողոց դուրս գալ: Ամոթ է, որ հազարավոր մարդկանցից բաղկացած ամբոխը Ռուսաստանի ամենախոշոր քաղաքներից մեկում փողոց է դուրս գալիս ոչ ընդդիմադիր լրագրողի սպանության համար, ինչպես, օրինակ, Ուկրաինայում լրագրող Գոնգաձեի սպանության դեպքում, որը դարձավ նախագահ Կուչմայի պաշտոնանկության հիմնական պատճառը, ոչ էլ` կոռումպացված իշխանական վերնախավի, ինչպես, օրինակ, Իտալիայում, գրում է NEWSru.com-ի վերլուծաբան Մաքսիմ Բլանտը:
Անկարգությունների պատճառ չդարձավ ոչ տաղանդավոր գործարարի նկատմամբ հարուցված դատական գործը, որը ակնհայտ քաղաքական խաղ էր, այն դեպքում, երբ այդ մարդը կարողացել էր ստեղծել Ռուսաստանի լավագույն ընկերությունը, ոչ Խիմկիի անտառի ծառահատումը, որը պետք է վերածվի վճարովի ճանապարհի, և անգամ ոստիկանների կողմից սպանված անմեղ քաղաքացիների մահը չվրդովվեց մեր բնակչությանը: Անկարգությունների պատճառ դարձավ ծեծկռտուքի ընթացքում հրացանից բաց թողած գնդակի հետևանքով սպանված ֆուտբոլային երկրպագուն:
Եթե խոսենք Մոսկվայի և մի շարք այլ տարածաշրջանների մասին, ապա խնդիրը ոչ թե աշխատատեղերի պակասի մեջ է, այլ աշխատուժի ոչ բավարար քանակի: Ի դեպ, խոսքը ոչ միայն մասնագիտական որակավորում ունեցող կադրերի մասին է, այլ այն մասնագիտությունների, որոնցով տեղացիները չեն ցանկանում զբաղվել, նույնիսկ գործազրկության պարագայում:
Ժողովրդագրական խնդիրը և ներգաղթյալների սուր պակասը ոչ միայն Ռուսաստանի համար է «իսկական գլխացավ»: Նույն ճգնաժամը նկատվում է և այլ զարգացած պետություններում, որոնք, այլ ազգերի քաղաքացիներին բերելով իրենց երկիր, հսկայական գումարներ են ծախսում` հասարակության մեջ նրանց ադապտացման գործընթացը հեշտացնող ծրագրեր ստեղծելով: Այս հարցում Ռուսաստնի բախտը բերել է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շուրջբոլորն առաջացան մի շարք ավելի աղքատ պետություններ, որոնց բնակիչները տիրապետում են ռուսերենին և կարողանում են ավելի հեշտ ինտեգրվել ռուսական հասարակություն:
Սակայն իշխանությունները ոչ միայն ջանք չեն գործադրում այս հարցում, այլ, ընդհակառակը, նպաստում են ազգայնամոլության և այլատյացության տարածմանը մեկ` զանգվածային «մաքրություն» անցկացնելով շուկաներում, մեկ` վրացիներին երկրից արտաքսելով, եզրափակում է Բլանտը: