Հեռուստահաճախականությունների մրցույթում, ինչպես և սպասվում էր, «Ա1+» հեռուստաընկերությունը կրկին եթեր հեռարձակվելու իրավունք չստացավ։ ՀՌԱՀ-ի անդամները, հերթական անգամ դրսևորելով ստրուկի՝ իրենց պարտադրված հոգեբանությունը, անմռունչ կատարեցին նախագահականից իջեցված քաղաքական պատվերը։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարության մեջ` կապված ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված կապուղիների մրցույթի արդյունքների հետ, որում «Ա1+»-ը պարտվեց «Արմնյուզ» հեռուստաալիքին:
ՀԱԿ-ը նշում է, որ այդ որոշմամբ անկատար մնաց նաև «Ա1+»-ին եթեր վերադարձնելու մասին Եվրոպական դատարանի որոշման իրագործումը։
«Հասկանալի է վարչախմբի անասնական վախը հեռուստատեսային լայն լսարանով ազատ խոսքի տարածման հանդեպ։ 2002 թվականին ապօրինաբար փակելով միակ ազատ այս հեռուստատեսությունը, վարչախումբն ավելի շատ իր քամահրանքն ու ցինիզմն էր դրսևորում սեփական ժողովրդի նկատմամբ։ Այժմ արդեն, երբ ազատ հեռուստատեսությամբ, ի թիվս այլոց, կարող է շատերին հասանելի դառնալ նաև Հայ Ազգային Կոնգրեսի խոսքը, միակ դրդապատճառը սարսափն է նույն այդ ժողովրդից։ Միջազգային ժողովրդավարական հանրությունը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Եվրոպական միությունը, ԱՄՆ-ը գեթ հիմա պե՞տք է հասկանան, որ նման հարցերում ու նման ռեժիմների հետ ներողամտության, համոզման, սիրաշահելու, հոդորների իրենց քաղաքականությունը սնանկ է և որևէ արդյունքի չի հանգեցնում։ Ազդում է միայն կոշտ ու վճռական դիրքորոշումը, ճշմարտությունը բացեիբաց ասելու սկզբունքը», – մասնավորապես, նշում են հայտարարության հեղինակները։