Այսօր Ուկրաինայի խորհրդարանում՝ Ռադայում, ծեծկռտուք է բռնկվել իշխող «Տարածաշրջանների կուսակցություն» և ընդդիմադիր «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» ուժերի միջև, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ «տարածաշրջանայինները» գրավել են խորհրդարանի ամբիոնը, իսկ ընդդիմությունը պատրաստվում էր գիշերել խորհրդարանում: Ընդհարումը սկսել է այն բանից հետո, երբ «ԲՅՈՒՏ-Բատկիվշչինա» պատգամավորները պաստառ են կախել՝ «Դադարեցրեք քաղաքական բռնաճնշումները», իսկ «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչները պոկել են այդ պաստառը:
Ծեծկռտուքի ընթացքում ընդդամդիր ուժի պատգամավոր Միխայիլ Վոլինեցին ծեծել են՝ նրա գլխին փոքրիկ սեղանիկով հարվածելով, Ռադայի շենք է ժամանել շտապ օգնության մեքենա:
Վոլինեցը չի ցանկացել նշել իրեն հարված հասցրած պատգամավորի անունը, սակայն ասել է, որ վերքը խորն է և ինքը չի զգում սեփական ծնոտը: