Կիևում ներկայացվել է «Փարաջանով» ֆիլմի նախագիծը: Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսին ֆիլմի պրոդյուսեր, սցենարի հեղինակ ու ռեժիսոր Ելենա Ֆետիսովան պատմել է, որ ռեժիսորի 90-ամյակին նվիրված ֆիլմը նկարահանվելու է Ֆրանսիայի, Հոլանդիայի, Վրաստանի ու Հայաստանի հետ համատեղ, հաղորդում է ուկրաինական UNIAN-ը:
Ֆիլմը ներկայացնելու է Փարաջանովի կյանքի պատմությունը, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նկարահանումներն իրականացվելու են Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում: Ֆիլմի վերջնամասը նկարահանվելու է Հոլանդիայում:
Գլխավոր դերում հանդես է գալու ծագումով հայ ֆրանսիացի դերասան և ռեժիսոր, 2010թ. Կաննի փառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Սերժ Ավեդիկյանը: Ավեդիկյանին հրավիրելու գաղափարը ռեժիսոր Ռոման Բալայանինն է, ով հանդես է գալիս որպես նախագծի գեղարվեստական ղեկավար ու պրոդյուսեր:
Բալայանը խոստովանել է, որ հրաժարվել է անձամբ զբաղվել ֆիլմի նկարահանումներով, քանի որ ինքը մտերիմ է եղել Փարաջանովի հետ, ինչը, իր կարծիքով, կխանգարեր իրեն կենըրոնանալ նկարահանումների վրա:
«Ես նրան չափազանց լավ եմ ճանաչում, որպեսզի ֆիլմ նկարահանեմ նրա մասին: Փարաջանովի անձը շատ ավելի հետաքրքիր է, քան նրա ֆիլմերը», – ասել է Բալայանը:
Ավեդիկյանը, իր հերթին, հայտարարել է, որ անձամբ ճանաչել է Փարաջանովին. «Նա ինձ շատ հոգեհարազատ էր, նրա աշխարհն ինձ չափազանց մոտ էր»:
Ավեդիկյանի խոսքով` այսօր Փարաջանովի մասին ֆիլմ նկարելը բավական համարձակ քայլ է, քանի որ շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր անմիջականորեն շփվել են նրա հետ: