Home / Армения / Անպատժելի եկեղեցին, վարչապետն ու տերտերները. Բագրատյանը զարմանում է

Անպատժելի եկեղեցին, վարչապետն ու տերտերները. Բագրատյանը զարմանում է

Կրոնն ու պետական կառավարումը «լրիվ խառնվել են»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

«Կառավարության շենքում մատուռներ են բացում, աղոթք են անում: Վարչապետը տերտերների հետ է հայտնվում էկրանին: Անհասկանալի բաներ են», – ասել է բանախոսը:

Նրա խոսքով` կառավարությունը բան չի կարող անել, «հիմա էլ կպել է էդ եկեղեցուն»:
Նախկին վարչապետը նաև ասել է, որ ինքը աթեիստ չէ, սակայն կատաղի հակառակորդ է Հայ Առաքելական եկեղեցու:

«Ոնց կարող է դա եկեղեցի լինել, եթե չի պատկանում քրիստոնեական որևէ ճամբարի և 1500 տարի չի փոխվում: Նա պիտի փոխվի», – ասել է Բագրատյանը:

Նա եկեղեցին անպատժելի մի կառույց է անվանել, «Քրիստոսի և հավատի հետ, իմ կարծիքով, կապ չունեցող»:

«Մի անգամ տեսե՞լ եք Հայ առաքելական եկեղեցու եկամուտների և ծախսերի բալանսը տպված մամուլում: Թող փորձի աշխարհի որևէ եկեղեցի այս բանը չանի: Որտեղի՞ց այդ փողերը: Ով է սահմանում մոմի գինը: Սա կոչվում է ստվերային տնտեսություն», – հայտարարել է նախկին վարչապետը:

Նա նաև ասել է, որ պատահական չէ, որ ամեն մի թուրքական սուլթան, որ նստում էր գահին, առաջին հերթին, հայ կաթողիկոսներին հերոսի կոչում էր տալիս:

«Էս մասին մենք լռում ենք, չենք սիրում էս մասին խոսել», – հայտարարել է նախկին վարչապետը:

Բագրատյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ չի հասկանում, թե ինչ կապ ունի կառավարությունը եկեղեցու հետ: