Ձյան առատ տեղումները խանգարել են Եվրոպայի հարյուրավոր բնակիչներին հասնել տուն Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնում է Associated Press-ը:
Դեկտեմբերի 24-ին Փարիզյան Շարլ դե Գոլի օդանավակայանի աշխատակազմը ստիպված է եղել հետաձգել տասնյակ չվերթներ:
Օդանավակայանում գիշերած ուղևորների թվի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ աշխատակազմը ստիպված է եղել գնել հավելյալ 700 ներքնակներ ու վերմակներ, ինչպես նաև վարձել տասնյակ համարներ մոտակա հյուրանոցներում: Իրավիճակը մի փոքր շտկելու և տոնական տրամադրություն ստեղծելու համար օդանավակայանի աշխատակիցները տարիքով փոքր ուղևորներին տոնական նվերներ են արել:
Չվերթները հետաձգվել են նաև Բրյուսելի օդանավակայանում:
Առատ ձյան տեղումները ազդել են նաև Դուբլինի օդանավակայանի աշխատանքի վրա: 40 հազար ուղևորներ չեն կարողացել ժամանակին մեկնել: Որպեսզի ինչ-որ կերպ հատուցեն օդուղիների խափանումը Irish Ferries-ը հավելյալ չվերթներ է հայտարարել Իռլանդիայի և Բրիտանիայի միջև:
Իսկ Մեծ Բրիտանիայում, որտեղ ձյան տեղումները խաթարել էին օդային ուղիների հաղորդակցությունը մի քանի օր առաջ, դեկտեմբերին 24-ին հնարավոր է դարձել վերականգնել օդանավակայանների աշխատանքը, սակայն Սուրբ Ծննդյան տոնակատարության համար տուն շտապող բրիտանացիներն էլ երկաթուղային հաղորդակցության ընդհատումների առաջ են կանգնել: Դեկտեմբերի 24-ին որոշ ուղղություներով մոտ 4 գնացք կանգ է առել: