«Մենք 2011 թվական ենք մտնում վստահությամբ և լավ գիտենք, որ մեր խնդիրները մե´նք ենք լուծելու»: Ամանօրյա իր ուղերձի ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ 2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետևողական պայքարի ու պակասը լրացնելու տարի:
«Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես պակաս շատ բան կա: Մենք կատարելագործում ենք պետական համակարգը, և նոր տարում այն աշխատելու է առավել արդյունավետ: Փոփոխությունները շարունակվելու են, և դրանց արդյունքերն ավելի տեսանելի են լինելու», – հայտարարել է երկրի ղեկավարը:
Շնորհավորելով հայաստանցիներին և Սփյուռքի հայերին՝ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ տոնական սեղաններին բաժակ բարձրացվի այն զինվորների համար, ովքեր խրամատներում հսկում են տոնական գիշերը:
«Առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ մենք այս տարի նշելու ենք վաղուց չնշված, բայց ազգային արժանապատվությունը մարմնավորող հոբելյանը: Թող գալիք տարում նրանց մատը փուշ չմտնի: Խոստովանեմ, որ ոչ մի լուր ինձ այնպես չի խոցում, ինչպես լուրերը բանակում արտակարգ պատահարների մասին: Մաղթում եմ, որ 2011 թվականը դառնա նոր հաղթանակների և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի, և բոլորս հզոր թիկունք, լավ օրինակ լինենք միմյանց համար։ Այս դեպքում յուրաքանչյուր նոր տարի հաստատապես մերը կլինի», – ասել է ՀՀ նախագահը: