Home / Հայաստան / Ինչու ձվի գինը չէր կարող թանկանալ 40 տոկոսով. Նախկին վարչապետը հրավիրում է դասախոսության

Ինչու ձվի գինը չէր կարող թանկանալ 40 տոկոսով. Նախկին վարչապետը հրավիրում է դասախոսության

Հայաստանի Ազգային վիճակագրական վարչությունը մի խայտառակ սուտ ասեց, որ արտադրվել է 700 միլիոն ձու, և Հայաստանի բնակչությունն անցյալ տարվա ընթացքում պակասել է 100 հազարով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ես Հայաստանի Վիճվարչության ղեկավարից, վարչապետից սկսած` հրավիրում եմ իմ մոտ միկրոէկոնոմիկայի դասախոսության. էս թվերն ունենալով` ինչ կնշանակի կորը: Երբ բնակչության թիվը պակասում է, ձվի արտադրությունը 500 միլիոնից դառնում է 700 միլիոն, ձվի իրական գինը չի կարող թանկանալ միջին տարեկան 40 տոկոսով», – ասել է նա:

Բագրատյանը նշել է, որ ձուն ոչ էլաստիկ արտադրանք է, և հարց է բարձրացրել այն մասին, թե արդյոք ՀՀ վարչապետը գիտի, թե ինչ բան է ոչ էլաստիկ արտադրանքը. «Ես ուսանողներին բացատրում եմ: Կարող եմ Ստեփան Մնացականյանին (ԱՎԾ նախագահ – Epress.am) էլ հանդուրժել լսարանում, որպեսզի նման փչոց մեզ չմատակարարեն»:

Հայաստանում միշտ արտադրվում էր 500-550 միլիոն ձու, որից 400-420 միլիոնը խոշոր էին, իսկ 130 միլիոնը` մանր, այսպես կոչված, տնական ձվեր, որոնք ավելի թանկ էին, հավելել է Բագրատյանը:

«Օլիգարխների բախման պատճառով, որովհետև նա, ով ամենախոշորն էր, սկսեց էժանացնել, իբր թե, մյուսներին կսնանկացնի, որպեսզի ստիպի, որ նրանք իրան էժան ֆաբրիկաները վաճառեն, այդ ընթացքում այդ մանրը սպանվեց»:

Ըստ նախկին վարչապետի` կառավարությունում չկա տնտեսագետ, որն ի վիճակի է որևէ վերլուծություն կատարել:
«Սպլաշնոյ ավանտյուրա է: Ամենամեծ ավանտյուրան էր դեկտեմբերի վերջին հայտարարելը «500 միլիոնից դարձրել ենք 700 միլիոն»: Բացարձակ սուտ է», – եզրափակել է բանախոսը: