Հայաստանում քաղաքացիական շարժման սկիզբը ձևավորվել է 2008 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տասնամյա լռությունից հետո քաղաքականություն վերադառնալով, այսինքն` նույն թվականի սեպտեմբեր 21-ից սկսած: Խոսելով Հայաստանում քաղաքացիական շարժման ներկա փուլի և զարգացման մարտավարության մասին՝ երեկ «Փոքր խորհրդի» նիստում իր գնահատականն է ներկայացրել հրապարակախոս Առաքել Սեմերջյանը:
«Մինչ այդ ինչևիցե կային ընդդիմադիր շարժումներ, սակայն այդ շարժումները քաղաքացիական չէին դարձել և պատկանում էին միայն ընդդիմությանը: Իմ ընդդիմախոսները կնշեն, որ այսօրվա շարժումը նույնպես չի ընգրկել հասարակական ամբողջ սպեկտորը, սակայն, ի տարբերություն մինչ այժմ գործած շարժումների, այս շարժումը, ամբողջ իշխանության հարվածները վերցնելով իր վրա` հնարավորություն է տվել հասարակական կազմակերպություններին, անհատ ազատ քաղաքացիներին, ինչպես նաև բոլոր տեսակի փոքրամասնություններին /առանց լուրջ խոչընդոտների/ գործել ու զարգանալ: Այլ խնդիր է, որ դեռևս նրանք ինչ-ինչ պատճառներից ելնելով ամբողջական հանդես չեն գալիս, սակայն դա ընդամենը ժամանակի խնդիր է », – հայտարարել է Սեմերջյանը:
Սեմերջյանը մատնանշել է այն բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք, բանախոսի կարծիքով, դեռևս երեք տարի առաջ դժվար էր պատկերացնել, մասնավորապես, ի պաշտպանություն Թեղուտի անտառների բնապահպանական շարժումը, «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությունը, «Ընդդեմ օտարալեզու դպրոցների» շարժումը, ի պաշտպանությունը կանանց իրավունքների իրականացված բողոքները (մասնավորապես, իրանուհի Սաքինե Աշտիանիի համար, ում Իրանում դատապարտել էին մահապատժի) Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Հայաստանում իրականացնելու ծրագիրը:
Անդրադառնալով երեք տարվա ընթացքում արվածին՝ հրապարակախոսը նշել է, որ
2008թ. նախագահական ընտրություններից առաջ ձևավորված շարժումը հաստատակամ լինելով կարողացավ անել այնպես, որ իշխանության ավազակապետական բուրգը բացահայտվեց մինչև վերջ ու քայքայվեց փլուզման աստիճանի:
«Եթե շարժումը այս երեք տարիները ընթացքում գնար կտրուկ գործողությունների, դա ավազակապետությանը առիթ կտար մոբիլիզացվել և, իրենց արդարացումները պահպանելով, ոչնչացնել շարժումը: Այդ նպատակով կտրուկ գործողությունների շարժմանը դրդում էին ինչպես իշխանությունները, այնպես էլ, այսպես կոչված, երրորդ ուժականները, կամ «իբր» ավելի արմատականները, կամ շարժումից հիասթափվածները, որոնք վախեցնում էին, որ կտրուկ գործողությունների չդիմելու դեպքում շարժումը կկործանվի: Ինչպես ցույց տվեց ժամանակը, տեղի ունեցավ ճիշտ հակառակը», – հայտարարել է Սեմերջյանը:
Նա նշել է, որ մարտավարական առումով շարժման քաղաքական ղեկավարները ընդհանուր առմամբ գործել են Հայաստան պետության համար ամենաանվտանգ ձևով՝ ապահովելով, որ իշխանությունների ավազակությունների բացահայտումը չվնասի պետությանը:
Նա նաև խոսել է քաղաքացիական շարժման ապագայի մասին՝ անդրադառնալով շարժման ապագա ռազմավարությանը:
«Իմ կարծիքով, այս երեք տարին ոտքի վրա կանգնած մնալը բոլորին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերին ապացուցեց, որ Հայաստանում գոյություն ունի մի շարժում, որը հնարավորություն ունի փոխելու երկրի իրավիճակը, ու դրա համար հիմա նոր ապացույցների կարիք չկա: Այդ իսկ պատճառով, ըստ իս, եկել է Կոնգրեսի ավելի ակտիվ փուլ մտնելու շրջանը, որին կարող են նպաստել ինչպես արտահերթ կամ հերթական ընտրությունները, այնպես էլ միջազգային հանրության տրմադրվածությունը: Շարժումը արդեն մտել է այդ ակտիվ փուլի մեջ և դրա ապացույցն էլ այն հաղթանակներն են, որ շարժման մասնակիցները տոնում են ինտելեկտուալ հարթությունում՝ լինի դա համացանցում, թե տպագիր մամուլում: Ինչպես գիտենք, կարևորը գաղափարական հաղթանակներն են, որից հետո կգա նաև շարժման հաղթանակը:
«Փոքր խորհրդի» գոյությունը ևս արդեն իսկ ապացույց է այն բանի, որ շարժումը ինքն իր մեջ ձևավորել է հաղթանակի ռազմավարությունը, որը կայանում է ապագայի Հայաստանի կերտման մեջ՝ հենված մշակութային, բարոյական, ինտելեկտուալ, հոգևոր հեղափոխության վրա», – եզրափակել է Սեմերջյանը: