Շաբաթ օրը Սանկտ-Պետերբուրգում մեկնարկած Համագործակցության գավաթի խաղարկության ընթացքում Հայաստանը ներկայացնող «Միկան» արդեն 2 հանդիպում է անցկացրել:
Առաջին խաղում մարզիչ Արմեն Շահգելդյանի ֆուտբոլիստները 0:2 հաշվով զիջել են Լատվիայի «Սկոնտոյին»: Մրցակցի կազմում առաջին խաղակեսումյ աչքի է ընկել Ֆերտովսը, իսկ երկրորդում 11-մետրանոց է իրացրել Ժունիորը:
Երկրոդը հանդիպումը մեր թիմն անցկացրել է կիրակի` մրցելով Ղազախստանի «Տոբոլի» հետ: Երկրորդ հանդիպման ընթացքում «Միկան» ակնհայտ ավելի լավ էր գործում: Մեր ֆուտբոլիստները երկու անգամ առջևում էին հաշվի մեջ` գոլի հեղինակներ էին դարձել Նարեկ Բեգլարյանը և Բոտի Դեմելը, սակայն մրցակիցը երկու դեպքում էլ կարողացավ հավասարեցնել հաշիվը Յուրինի և Վոլկովի ջանքերով:
Խաղից հետո Արմեն Շահգելդյանը գոհունակություն է հայտնել «Միկայի» ֆուտբոլիստների ցուցադրած խաղով:
Վերջին տուրում «Միկան» խաղալու է Ուզբեկստանի չեմպիոն «Բունյոդկորի» հետ: Երկու թիմերն էլ մեկական միավոր ունեն և զուտ տեսական հնարավարություններ են պահպանում խմբից դուրս գալու համար: Եթե վերջին խաղում «Սկոնտոն» և «Տոբոլը» ոչ ոքի խաղան, ապա այդ երկու թիմերն էլ կխաղան հաջորդ փուլում: