Home / Հայաստան / Ինչու հայաստանյան հեղափոխությունը չի կարելի ցուցադրել CNN-ով

Ինչու հայաստանյան հեղափոխությունը չի կարելի ցուցադրել CNN-ով

Թունիսի հեղաշրջումն ակնհայտ հերքումն էր այն տեսակետի, որ ներկայումս բոլոր հեղաշրջումներն իրականացվում են արևմտյան դեսպանատների, ոչ կառավարական կազմակերպությունների և արտասահմանյան հեռուստաընկերությունների կողմից:

Թունիսի դեպքը դասվում է այն հեղաշրջումների շարքին, որոնց ոչ ոք չի սպասում և որը ոչ ոքի պետք չէ: Տասնյակ քաղաքներում զանգվածային ցույցեր, բախումներ ոստիկանության հետ, փողոցներում շրջող զինվորականներ, ռետինե մահակներ, գազ, մի քանի տասնյակ զոհեր: Եթե այս ամենը կատարվեր Իրանում, Բելառուսում կամ Ռուսաստանում, աշխարհի բոլոր հեռուստաընկերությունները անդադար կլուսաբանեին զարգացումները: Բոլորը միահամուռ կերպով կդատապարտեին իրանական, (բելառուսական և այլն) արյունոտ ռեժիմը, իրանական Twitter-ների, բլոգերի և մամուլի առաջին էջերում կհայտնվեին դեպքերի նկարագրությունները, բջջայինով նկարահանված ցնցող կադրեր կցուցադրեին CNN-ով, պիկետներ կկազմակերպեին իրանական դեսպանատան առջև: Թունիսի հեղաշրջումն իսկապես նկատեցին միայն այն ժամանակ, երբ այն արդեն իրականություն էր դարձել:

Ես ընկալման այս տարօրինակ երևույթին արդեն հանդիպել եմ 2008 թվականին Հայաստանում: Այնտեղ բոլոր նախապայմանները կային` միջազգային լրատվամիջոցների քննարկման գլխավոր նյութը դառնալու համար: Մի քանի տասնյակ հազար բողոքող մարդկանց ամբոխը երթի էր դուրս եկել`ընդդիմադիր առաջնորդի գլխավորությամբ. անիծում էին քրեական աշխարհի հեղիանակություններ համարվող իշխանություններին և կեղծված ընտրությունները. վրաններ էին խփում, որոնք հետո վերացրեցին հատուկ ծառայության աշխատակիցները: Վերջապես, բանակը կրակում էր մարդկանց, զոհվեց 17 մարդ   (զոհվել է 10 մարդ – Epress.am): Այս ամենը բոլոր առումներով նմանվում էր Կիևի «նարնջագույն» և Թբիլիսիի «վարդագույն» հեղափոխություններին: Բայց Երևանում այս ամենը ինչ-որ դատարկության մեջ հայտնվեց` բուդդայական ոչնչի:

Արևմուտքը հետխորհրդային տարածքում հեղափոխություններ է սպասում` երիտասարդ արևմտամետ ընդդիմադիրների կողմից, որն ուղղված է  ռուսամետ բռնապետ առաջնորդների դեմ: Սակայն Հայաստանում ոչ իշխանությունն էր առանձնապես ռուսամետ, ոչ ընդդիմությունը` երկիտասրդ կամ արևմտամետ:

Ինչպես կարելի է CNN-ի եթերում ներկայացնել այնպիսի գունավոր հեղափոխություն, որտեղ նախկին նախագահը` մի շարք այլ պատկառելի տղամարդկանց շրջապատում, ասում է, որ ինքը կողմ է ժողովրդավարությանն ու Ռուսաստանի հետ էլ ավելի մտերիմ հարաբերությունների հաստատմանը:

Թունիսում նույնպես բանակն արդեն ճնշել էր բողոքի ամենավտանգավոր օջախները, նախագահը ուղերձով հանդես էր եկել ժողովրդի առջև, հանգստացրել նրանց, մի քիչ էլ ներողություն խնդրել, խոստացել էր, որ 2014 թվականին այլևս իր թեկնածությունը չի առաջադրի նախագահական ընտրություններում, իսկ արդեն ուրբաթ օրը անօթի թափառում էր Սաուդյան Արաբիայի  անապատներում:

Եթե Բեն Ալին մնար, թունիսյան ընդվզումներին նույն ճակատագիրն էր սպասվում, ինչ որ հայաստանյաններին:

Ճիշտ էր գրում մեկնաբաններից մեկն իր Facebook-ի էջում. «Միայն թե մի կանգ առեք, անհրաժեշտ է, որ նա հեռանա, հակառակ դեպքում` ամեն ինչ իզուր կլինի»:

Ալեքսանդր Բաունով, լրագրող, slon.ru