Այսօր փողոցային առևտուրն արգելող Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ բողոքող մարդիկ կրկին փորձ են արել հավաքվել քաղաքապետարանի շենքի դիմաց, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել դա անել, և մարդիկ կենտրոնացել են հակառակ մայթին` Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող այգում: Այստեղ էլ ոստիկանները փորձում են ցրել մարդկանց, թույլ չեն տալիս, որպեսզի այգում կանգնած տարբեր խմբերը միանան միմյանց:
«Ցրվեք ստեղից, մեկիդ ստեղ չտենամ, ուրիշ տեղ կտանեմ», – բողոքավորներին ասել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը:
Լրագրողների հետ զրույցում ոստիկանության ներկայացուցիչ Խաչիկ Ավետիսյանն էլ ասել է, որ այսօր աշխատանքային օր չէ և որ մարդիկ կարող են երկուշաբթի օրը հավաքվել, մի քանի հոգի ընտրել, ովքեր հնարավորություն կստանան մտնել քաղաքապետարան և իրենց բողոքը ներկայացնել:
Հավաքվածները նախ որոշել էին շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր` իրենց բողոքն այնտեղ շարունակելու, սակայն ոստիկանների հետ երկարատև զրույցներից և վերջիններիս հորդորներից հետո համաձայնեցին տեղափոխել ակցիան երկուշաբթի` ժամը 12.00-ին: