Տերյան 21 հասցեում գտնվող շենքի բակում այսօր կրկին մեծ թվով մարդիկ են հավաքվել: Հարակից շենքի բնակիչները շարունակում են խոչընդոտել բակում իրականացվող շինարարությանը: Բնակիչները խմբվել են շինարարության վայրում այն պահից, երբ մեկնարկեցին շինարարական աշխատանքները:
Տարածք է ժամանել նաև Պետական պահպանության վարչության ոստիկանական մեքենան: Ոստիկանները հորդորել են ժողովրդին չխանգարել` նշելով, որ շինարարությունն իրականացնող ընկերությունը դիմել է իրենց, և այժմ իրենք ծառայություն պետք է իրականացնեն տվյալ վայրում:
Չնայած ոստիկանների հորդորներին` մարդիկ շարունակել են պնդել, որ մինչև վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար և թույլ չեն տալու իրենց բակում շենք կառուցել:
Բնակիչները նաև նամակ են պատրաստել` ուղղված Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Խմբված մարդիկ իրենց ստորագրություններն էին դնում նամակի տակ, որից հետո պատրաստվում էին այն տանել քաղաքապետարան:
Նշենք, որ շինարարության վայրում որևէ տեղ նշված չէ, թե ով է կառուցապատող ընկերությունն ու ինչ տեսք է ունենալու ապագա շինությունը, ինչը հակասում է գործող օրենքին:
Հարակից շենքերի բնակիչները շաբաթ օրը Epress.am-ի հետ զրույցում նշել էին, որ, ըստ շրջանառվող լուրերի, կառուցապատումն իրականացնում է «Լոկալ դեվելոփերս» կազմակերպությունը, որը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին:
Բնակիչները բողոքում են նրանից, որ եթե բակում շենք կառուցեն, հարակից շենքերի դիմացի հատվածը կփակվի, և նրանց լույս չի հասնի: Մարդիկ պատրաստակամություն էին հայտնել բակ իջնել և խանգարել աշխատանքներին ամեն անգամ, երբ կսկսվեն շինարարական աշխատանքները: