Հայկական բանակի 19-րդ տարեդարձի մասին Epress.am-ը զրուցել է երևանցիների հետ: Հարցվածները` բոլորը մեկի պես, նշում էին բանակի կարևորությունն ու հզորութունը:
Օրինակ` մայրաքաղաքում հյուրի կարգավիճակում գտնվող Հարությունը, որը Վրաստանից է ժամանել Երևան, «շատ լավ կարծիքի է բանակից»:
«Հա, լսել եմ, որ հայկական բանակի օրն է: Հայկական բանակը շատ ուժեղ ա և հզոր», – ասել է նա: Հարցին, թե ինչի հիման վրա է նրա մոտ ձևավորվել այդ կարծիքը, Հարությունը պատասխանել է. «Հեռուստացույց դիտելով` զգում եմ, որ ամենինչ նորմալ ա»:
Նոյեմբերին զորացրված Վաչեի խոսքերով` բոլորն ուրախ են, որ մեր երկիրը պաշտպանված է:
«Չնայած 19 տարեկան ենք, բանակը դեռ նոր կազմավորվում է», – ասել է Վաչեն` նշելով, որ գոհ է իր ծառայությունից: Բանակն` ըստ նրա, ունի նաև վատ կողմեր, սակայն, դրանք ավելի քիչ են. «Լավն էն ա, որ զինվորներին լավն են ցույց տալիս, մարտունակ բաներ շատ են սովորացնում»:
Իսկ վատ կողմերը թվարկելիս` նա նշել է կարոտը, որ «երկու տարի խեղդում ա, հարազատներին քիչ ես տեսնում»:
«Ես նենց եմ ծառայել, որ բռնություն, բան չեմ տեսել: Էդ էլ, ասենք, զինվորից ա գալիս. խելացի ծառայելու դեպքում լավ ա լինում», – համոզված է Վաչեն: Նա խորհուրդ տվեց տղաներին բանակում ենթարկվել ամեն ինչին` «ընդեղ իրանք գիտեն էլի, մեր ծառայածն իրանք անցել են ու իրանք ճիշտն են ասում»:
Նշենք նաև, որ մեր զրուցակիցը ծառայել է Ղափանի պահեստային զորամասում: «Շնորհակալություն բոլոր սպաներին, զինվորներին, ընկերներիս, որ նրանք երկու տարի ինձ հետ են եղել… ձեզնից էլ եմ շնորհակալ», – ասել է Վաչեն` դիմելով Epress.am-ի թղթակցին:
23 տարեկան Արմանն էլ բանակում չի ծառայել առողջության հետ կապված խնդիրների պատճառով և նրան «ընդհանրապես բանակը չի հուզում»:
24-ամյա Դավիթը` չցանկանալով հիշել բանակում անցկացրած տարիները, ասել է, որ բանակի մասին «չարժե վատ բաներ ասել»:
«Դե, բանակ ա… Սաղս էլ գիտենք, ոնց ա, բայց դե չասեմ էլի: Չարժի, մանավանդ` էսօր», – նկատել է Դավիթը: