Սուդանի Ահլիա համալսարանի ուսանող Մոհամեդ Աբդուլռահմանը մահացել է երեկ երեկոյան հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, ուսանողը մասնակցել է կիրակնօրյա հակակառավարական ցույցերին, որի ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից:
Երկրի իշխանություններն այսօր առավոտյան փակել են Ահլիա և Օմդուրմանի համալսարանները, որոնց ուսանողները հանդիսանում են բողոքի ակցիաների հիմնական կազմակերպիչները: Ուսանողները Facebook հասարակական ցանցի միջոցով մի քանի հազար մարդ էին դուրս բերել փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրի հրաժարականը: Ցույցերը համակարգող խումբը կոչվում է «Հունվարի 30»-ի խումբ, որն իր առջև նպաըակ է դնում «պայքարել երկրում հաստատված բռնապետության դեմ»: Խմբի անդամները հաստատել են, որ ոստիկանության դաժան ծեծի հետևանքով Աբդուլռահմանը զոհվել է, ևս մի քանի տասնյակ մարդ վիրավորվել են, իսկ 64 հոգի ձերբակալվել:
Սուդանի փոխնախագահ Ալի Օսման Տահան հայտարարել է, որ չի վախենում ցույցերից՝ անվանելով դրանք «օրենքից դուրս»: