«Փոքր Խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստին լեզվաբան, կառավարման և մեթոդաբանության մասնագետ Գևորգ Տեր-Գաբրիելյանը ներկայացրել է Գեորգի Շչեդրովիցկու կողմից ստեղծած մտագործունեության մեթոդաբանությունը (ՄՄ)` այն բնութագրելով իբրև խորհրդային միակ ինքնատիպ փիլիսոփայական և գործնական ուղղությունը, որը շարունակում է իր զարգացումը մինչ այժմ, մասնավորապես՝ Հայաստանում գործող մտագործունեական խաղերի ձևով, մեթոդաբան Դավիդ Հովհաննիսյանի թիմի առաջնորդությամբ:
Ըստ ՄՄ-ի, ճանաչողության օբյեկտները տրված են մեզ կենսագործունեության մեջ առարկայացած ձևով: Այդ դեպքում շեշտադրված են օբյեկտի մի քանի հատկանիշներ, որոնք դիտարկվում են միակողմանիորեն, ըստ դիտողի մասնագիտական ու կենսագրական կոմպետենցիաների և նախասիրությունների: Դա ամեն մեկի կամ ամեն առարկայական դիսցիպլինի համար ստեղծում է յուրահատուկ լեզու, որը խորքային առումով անթարգմանելի կամ դժվար թարգմանելի է ուրիշ անհատների կամ ուղղությունների համար: ՄՄ-ն ձգտում է ձևակերպել ունիվերսալ, ճերմակ մի լեզու, որը, ապաառկայացնելով ինչպես օբյեկտը, այնպես էլ ուսումնասիրողին, կօգնի մոտենալ համընդհանուր (օնթոլոգիկ) պատկերացմանը նրանց մասին:
ՄՄ-ի սոցիալական դերը կամ հավակնությունը կայանում է կենսագործունեության օնթոլոգիական կառուցվածքը հետազոտելու և նրա նկատմամբ նախագծային մոտեցում ցուցաբերելու մեջ: Ինչպես և ցանկացած այլ օբյեկտ՝ մարդը, սոցիալական միավորումները և մարդկային գործունեության առանձին ուղղությունները ՄՄ-ում չեն դիտարկվում իրենց «ներքին» բովանդակության տեսակետից, այլ՝ մեկնաբանվում են ըստ իրենց հնարավոր «արտաքին» (կոմունիկատիվ, գործունեական, սոցիալական) կապերի տեսականիի, իբրև գործակիցներ, որոնց էությունն ու արժևորումը պայմանավորված են նրանց կողմից կատարվող դերակատարումով բազմապիսի այլ գործակիցների հետ:
Բանախոսը ներկայացրեց մտագործունեական խաղերի կառուցվածքը, որոնց ընթացքում մասնակիցները ճանաչում են իբրև օբյեկտ խաղի թեման, այն դիտարկելով կենսաշխարհի հետ իր տարբեր առնչությունների տեսակետից, և ապաառարկայացնում են իրենց սեփական մտածողությունը, ուսումնասիրելով իրենք իրենց մտածելուց և ձևավորելով խաղի մասնակիցների համար համընդհանուր գծագրային լեզու: Խաղի ընթացքում մասնակիցները հայտնաբերում են, որ իրենց գիտելիքի զգալի մասը իրենից ներկայացնում է “տեքստ”, այսինքն՝ աշխարհի երևույթների առարկայական, միակողմանի ճանաչման անլիարժեք և անթարգմանելի մասնավոր մի լեզու: Հակադրության մեջ մտնելով այլ մասնակիցների տեքստերի հետ, ինչպես նաև՝ պարզապես սպառվելով, այն մաղվում է և տեղ է բացում նոր մի տիպի, անկողմնակալ և հիմնավոր, իր ստուգաբանությունը գծագրորեն, «երկրաչափական» հավաստիությամբ տեսնող ու ներկայացնող մտածողության: Այդ մակարդակի ձեռքբերումը թույլ է տալիս կատարել ճանաչողական մի ճեղքում, որի արդյունքում սկսում է տեղի ունենալ կրեացիա, երբ ստույգ և համեմատաբար օբյեկտիվ ճանաչողության հիման վրա հնարավորություն է ստեղծվում ճանաչումից անցնել նախագծմանը, այդ թվում՝ սոցիալական երևույթների նախագծմանը:
Երբ ՄՄ-ն կիրառվում է հասարակական նախագծերի համար, պարզվում է, որ մի շարք հիմնային հասկացություններ և արժեքներ թյուր են ըմբռնված հասարակությունում, քանի որ ելնում են անքննադատորեն ընդունված առարկայական պատկերացումներից, կարելի է ասել՝ կարծրատիպերից, և ճշգրտման կարիք ունեն: Պետության կառուցման կամ հասարակության ստեղծագործ զարգացման ցանկացած դրույթ վերաձևակերպվում է, թոթափելով իր կարծրացած հասկացությունների բեռը: Ի հակադրություն մտքի էության ավանդական-անհատական մեկնաբանությանը՝ մտագործունեության սոցիալական բնույթից բխում է, որ մտքի ավանդական հանգրվանները (ուսումնական և գիտական հաստատությունները) խոր և հիմնովին ռեֆորմի կարիք ունեն: Հասկանալի է դառնում, որ մասնագիտական և սիրողական մոտեցումները մի շարք հարցերին միմյանց լրացնում են: Սա ճամփա է բացում լցնելու մասնագետների և հասարակության միջև ներկայումս առկա անջրպետը: Պարզ է դառնում, օրինակ, որ Հայաստանի ցավերից մեկը ոչ թե գրագիտության ցածր որակն է, այլ եղած գրագիտությունն օգտագործելու մեթոդներին չտիրապետելը, ևն:
Այս մոտեցումը ստիպում է նորովի վերարժեքավորել հայոց պետականության և ժողովրդի կենսագործունեության հիմքում ընկած հասկացությունները, ինչպես, օրինակ, պետություն, շուկա, լեզու, ազգ, սպառող, ազատություն, արժեք, քաղաքացի, սեր և այլն: Այս մոտեցման կիրառման դեպքում պարզ է դառնում նաև, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության մեջ Հայաստանը չպիտի հետևի և ոչ մի այլ երկրի օրինակի, այլ փնտրի իր ուրույն ուղին բոլոր հարցերում՝ օրենսդրությունից մինչև կառավարման համակարգ, ուսուցում:
«Փոքր խորհրդի» անդամներն ընդգծեցին մտագործունեական խաղերի մեթոդաբանությունն ու տեխնոլոգիան ավելի խորքից ուսումնասիրելու կարիքը, որպեսզի հնարներ գտնվեն հնարավորինս արագ և արդյունավետ կերպով ներկայացնել դրանք առավել ստույգ ու փոխանցելի, և որպեսզի այդ մեթոդը իր ռազմավարական մեծ հնարավորություններով կարողանա ազատորեն օգտագործվել քաղաքացիների ցանկացած խմբերի ու նախաձեռնությունների կողմից, դառնա հասարակական, քաղաքացիական ու քաղաքական կյանքի նախագծման լիիրավ և լիարժեք գործիք: