Որոշ վերլուծաբանների կանխատեսումներն այն մասին, որ Հայաստանում աճում է արևմուտքի ազդեցությունը, և 2013 թվականին Ռուսաստանի ազդեցությունը զրոյական մակարդակի վրա կլինի, իրատեսական է թվում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սևծովյան և Կասպյան տարածաշրջանի քաղաքական և հասարակական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանը շատ փորձառու մարդ է, ով պրակտիկա է անցել նախ մայդանում, այնուհետև այդ փորձը կյանքի է կոչել Ղրղզստանում: Նրան ուղարկել են Հայաստան որոշակի առաքելությամբ»,-նշել է փորձագետը:
Նրա խոսքով` նա բազմիցս լսել է այն մասին, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հիանալի կին. «Միգուցե և նա հիանալի կին է, բայց նա փորձառու հետախույզ է և փորձառու զինվորական մարդ է»,- ասել է քաղաքագետը:
Զախարովը նշել է, որ Յովանովիչը զինվորական կոչում ունի: Բացի դա, նա ավարտել է ամերիկյան ուսումնական հաստատությունները և «հենց այնպես չի այստեղ ուղարկվել»:
«Նա իսկապես բավական լուրջ աշխատանք է տանում, նախևառաջ հասարակական կազմակերպությունների լայն շրջանակի ներգրավվումը, ուսանողների հետ փակ ռեժիմով հանդիպումները: Այս ամենը բավական լուրջ բնույթ է կրում»,- գտնում է բանախոսը:
Անցնելով հայ-ռուսական հարաբերություններին` նա հայտարարել է, որ «ամեն ինչ այնքան էլ հարթ ու անամպ չէ ինչպես կարծում են որոշ ռուս վերլուծաբաններ»:
«Հիշում եմ Ավետիք Իսահակյանի տողերը `օրհնվի են սհաթը, երբ ռուսի ոտքը…(այս խոսքերը պատկանում են Խաչատուր Աբովյանին-Epress.am), դե դուք գիտեք այս արտահայտությունը: Ժամանակ կար, երբ իրոք օրհնում էին, սակայն ժամանակները փոխվել են: Հիմա այլ ժամանակներ են, այլ հարաբերություններ»,- փաստել է փորձագետը` նշելով, որ Ռուսաստանը պետք է ավելի լուրջ գործի և Հայաստանի հետ հարաբերությունների հարցում որոշակի քաղաքականություն մշակի: