Սիրիայում, որն արաբական պետությունների շարքում առավել պահպանողականներից մեկն է համարվում, պատրաստվում են Թունիսի և Եգիպտոսի օրինակով բողոքի ակցիաներ անցկացնել իշխանությունների դեմ:
Facebook սոցիալական ցանցում բողոքի ցույցերի կոչ անող մի քանի էջ է բացվել, որոնցից «Սիրիական հեղափոխություն» անունը կրող էջին «հավանություն» է տվել 13,000 մարդ:
Մեկնաբանություններից, սակայն, երևում է, որ էջը հավանածներից շատերն ապրում են արտասահմանում և կոչ են անում իրենց հայրենակիցներին բողոքի ձայն բարձրացնել:
Ինչպես հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստատեսության աղբյուրը, Սիրիայում հեղափոխություն իրականացնելու կոչերը կարող են նման արդյունք չտալ, ինչպես Թունիսում և Եգիպտոսում:
«Սիրիայում բողոքի ցույցերը կարող են մեկ-երկու օր տևել և ավարտվել: Այստեղ չկա նույնքան ատելի նախագահ, որքան Մուբարաքն է Եգիպտոսում: Նաև համատեքստն է տարբեր, իսկ աղքատության մակարդակն ավելի ցածր է, քան Եգիպտոսում», – ասել է հեռուստատեսության զրուցակիցը, ով չի ներկայացել:
Նշենք, որ, այնուամենայնիվ, համաձայն սոցիալական ցանցերում տեղակայվող կոչերի, ուրբաթ և շաբաթ օրերին բողոքի ցույցեր են նախատեսված մայրաքաղաք Դամասկոսի խորհրդարանի շենքի մոտ, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքների Սիրիայի դեսպանատների մոտ: