Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը որևէ հակասություն չունի ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ում նախընտրական շտաբի պետն է եղել 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ Արզումանյանի` նման մեկնաբանությունները թերթերի անհիմն բամբասանքների արդյունք են:
«Ես ամեն տեսակի փողոցային բամբասանքներ չեմ մեկնաբանում: Եթե ես ունենայի հակասություն որևէ մեկի հետ, իմ 50-ամյա կյանքի փորձը ձեզ վկա, ես դրա մասին հրապարակային կխոսեի` անկախ հետևանքներից», – ասել է Արզումանյանը:
Լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված իր պասիվությունը, Արզումանյանը հարցով է պատասխանել. «Իսկ ո՞վ է ակտիվը»:
Լրագրողները որպես օրինակ են բերել Արամ Մանուկյանին, ինչին Արզումանյանը պատասխանել է, որ իր` բանտից դուրս գալուց հետո ինքը մասնակցել է ընդդիմության կազմակերպած բազմաթիվ ակցիաների:
Որպես օրինակ նա նշել է, թե որևէ օր չի եղել, որ ինքը բացակայի ՀՀ դատախազության դիմաց ի պաշտպանություն քաղբանտարկյալների անցկացվող ակցիաներից, որոնցից «կարող են բացակայած լինել և Արամը Մանուկյանը, և շատ ուրիշներ»:
Պատասխանելով ՀԱԿ-ի գալիք հանրահավաքի վայրի մասին Epress.am-ի հարցին` Արզումանյանն ասել է, որ դա որոշելու են գործադիր մարմինների ներկայացուցիչները:
«Հիմա ես ՀԱԿ-ի գործադիր մարմիններում ներգրավված չեմ, դա գործադիր մարմինների որոշելիքն է: Ես` որպես շարքային մասնակից, լինելու եմ հանրահավաքին` լինի դա Ազատաության հրապարակում, Մատենադարանում, թե Շենգավիթում»:-, ասել է նա: