Ինդոնեզիային պատկանող Ճավա կղզու Թեմանգունգ քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել, հաղորդում է AFP գործակալությունը: Փետրվարի 8 –ին մահմեդականների ամբոխը քաղաքում մի քանի եկեղեցիներ ու դպրոցներ է հրկիզել, բախումներ են տեղի ունեցել նաև ոստիկանության հետ:
Ցուցարարները պահանջում են իրենց հանձնել 58-ամյա Անտոնիուս Բավենգանին: Վերջինս փետրվարի 7-ին 5 տարվա ազատազրկման է ենթարկվել մահմեդականների զգացմունքներին վիրավորանք հասցնելու և կրոնն անարգելու մեղադրանքով: Բողոքողները, որոնց թիվը, AFP-ի տվյալներով, գերազանցել է հազարը, դատավճիռը չափազանց մեղմ են համարում:
Դժգոհ մահմեդականները ներխուժել են դատարանի շենք ու համատարած անկարգություններ իրականացրել, որից հետո նույնը շարունակել են անել քաղաքի տարբեր հատվածներում: Անկարգությունների մասնակիցները քարեր են նետել ոստիկանների վրա: Իրավապահ մարմինները փորձել են կանխել բողոքողների գործողությունները արցունքաբեր գազի և օդ կրակոցների միջոցով: