Home / Հայաստան / Ղարաբաղի հարցում չի կարելի հենց այնպես` բաբախ-բուբուխ

Ղարաբաղի հարցում չի կարելի հենց այնպես` բաբախ-բուբուխ

ԵԱՀԿ Մինսկի Խմբի տարածաշրջանային վերջին այցելությունը «հերթական շարունակություն է», և դա ճիշտ քաղաքականություն է, լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով` սխալ է և միամիտ ակնկալել այն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կկարգավորի ղարաբաղյան հակամարտությունը հայկական և ադրբեջանական կողմերի փոխարեն: «Քանի դեռ հայաստանյան կողմը և ադրբեջանական կողմն իրականում ընդդիմանում են հակամարտության կարգավորմանը, Մինսկի խումբը չի կարողանա անել դա»:

Իսկանդարյանը նշել է ՄԽ-ի իրական խնդիրները, որոնք են` կողմերի միջև փոխազդեցության գործընթացի պահպանումը  և գործընթացի միջազգայնացումը, «որպեսզի բանակցային գործընթացների շրջանակներում ոչ թե երկկողմ հանդիպումներ լինեն, այլ բանակցություններին ներկա լինեն նաև Եվրոպան, Ամերիկան և Ռուսաստանը»:

«Այս գործունեությունը, իմ կարծիքով, արդարացված է, օգտակար և պետքական: Հենց դա էլ անում են համանախագահները: Նրանք այնպիսի գործունեություն են ծավալում, որպեսզի այդ գործընթացը կենդանի մնա, քանի որ գործընթացի դադարեցման դեպքում իրավիճակն ավելի կվատթարանա»,-գտնում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ դիվանագետի, Մինսկի գործընթացի փոխադրումը «մեկ այլ վայր» գործընթացին վերջ կդնի, քանի որ ցանկացած այլ կազմավորում կամ Հայաստանին ձեռնատու չի լինի կամ` Ադրբեջանին:

«Ղարաբաղյան հակամարտությունը այն խնդիրների շարքին է դասվում, որոնք հնարավոր չէ հենց այնպես` բաբախ-բուբուխ, գալ ու լուծել: Սա լարված հակամարտություն է, ցավոք սրտի, և այն դեռ երկար ժամանակ նման իրավիճակում կմնա»,- եզրափակել է Իսկանդարյանը: