«Եգիպտոսի նախագահն ինձ վրա մի շարք պարտականություններ է դրել՝ վերականգնել երկրում կայունությունը, երկիրը նորմալ վիճակի բերել», – իր հեռուստաելույթում հայտարարել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը:
Ինչպես և Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, նա նույնպես խոստանում է անել հնարավորը Եգիպտոսում իշխանության խաղաղ փոխանցման համար: Սուլեյմանը կոչ է անում բոլոր քաղաքացիներին նայել դեպի ապագա:
«Մենք միասին այդ ապագան կարող ենք ավելի հստակ դարձնել», – ասել է փոխնախագահը:
Սուլեյմանի խոսքով՝ կառավարությունն արդեն սկսել է բանակցությունները ընդդիմության հետ և պատրաստվում է քննարկել «ճանապարհային քարտեզը», որի արդյունքում կիրականացվի իշխանության փոխանցումը: Նշենք, որ Սուլեյմանի ելույթի ընթացքում Թահրիր հրապարակում հավաքվածներն անեծքներ էին հղում փոխնախագահի հասցեին:
Սուլեյմանը նաև կոչ է արել ժողովրդին ձեռք ձեռքի տալ և առաջ շարժվել:
«Ծառայել մեր երկրին դա բարձրագույն նպատակ է: Ես կոչ եմ անում Եգիպտոսի երիտասարդներին տուն վերադառնալ և աշխատանքի անցնել: Աշխատանքն այժմ հարկավոր է երկրին: Մի լսեք արբանյակային հեռուստատեսության ձայնը: Այն նպատակ ունի ապակողմնորոշել: Լսեք միայն ձեր ձայնը», – հայտարարել է Եգիպտոսի փոխնախագահը:
Սուլեյմանի խոսքով՝ ինքը երվել է աշխատել միայն ի շահ Եգիպտոսի:
«Եթե դուք նույնպես աշխատեք, ապա Աստված կտեսնի և արդարացիորեն կհատուցի Ձեզ», – ասել է Սուլեյմանը:
Հիշեցնենք, որ մինչ Սուլեյմանը ելույթ էր ունեցել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը: Նրա ելույթից հետո մարդիկ Կահիրեի Թահրիր հրապարակում սկսել են հակակառավարական կոչեր վանկարկել: Բոլորը ծայրահեղ կատաղության և հիասթափության մեջ են, Epress.am-ին Թահրիր հրապարակից փոխանցում է Անժելա Հարությունյանը:
Նա նշում է, որ մարդիկ անմիջապես կոչ են արել հնարավորինս մեծ թվով դուրս գալ վաղվա ցույցին, որը տեղի կունենա ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո: Շատերը վանկարկում են, որ ցույցը հարկավոր է անցկացնել նախագահական պալատի մոտ: Հրապարակում արդեն քննարկում են նաև զինվորականների օգնությամբ հեղաշրջման հնարավորությունը :
Առայժմ ոչ ոք չի պատրաստվում լքել հրապարակը: Լուրեր են տարածվում, որ ժողովրդին կարող է դիմել նաև փոխնախագահ Օմար Սուլեյմանը:
Հիշեցնենք, որ իր ելույթում Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որի ինքը իր լիազորությունների որոշ մասը կարող է փոխանցել երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանին, սակայն ինքը չի պատրատվում հրաժարական տալ: Մուբարաքի խոսքով՝ ինքը կմնա մինչև սեպտեմբեր և «կապահովի իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդավարական և արդար ընտրությունների միջոցով»: