Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհուրդը կողմ է հանդես եկել նախագահ Հոսնի Մուբարաքի` իր լիազորությունները մասամբ ներկայիս փոխ-նախագահ Օմար Սուլեյմանին հանձնելու գաղափարին:
Քիչ առաջ արված հայտարարության մեջ Եգիպտոսի բանակը խոստացել է 2011 թվականի սեպտեմբերին «արդար և ազատ» նախագահական ընտրություններ ապահովել և վերացնել երկրում մոտ 30 տարի տիրող արտակարգ իրավիճակը, հաղորդում է AP-ն:
Զինվորական պաշտոնյաների հայտարարությունը հիասափեցրել է ցուցարարներին, որոնք ակնկալում էին վերջիններիս աջակցությունը:
Նշենք, որ այս րոպեներին Եգիպտոսի Թահրիր հրապարակ են շարժվում հազարավոր մարդիկ, ովքեր շարունակում են հակակառավարական ցույցերը և պահանջում են ռեժիմի հրաժարականը:
Al Jazeera-ի փոխանցմամբ` ուրբաթօրյա աղոթքից հետո Եգիպտոսի Ազատության հրապարակում միլիոնից ավելի ցուցարարների հոսք է սպասվում:
Այս պահին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են նաև Ալեքսանդրիայում: Այստեղ ևս մարդկանց մեծաթիվ բազմություն է սպասվում:
Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ իր աշխատակիցները չեն կարողանում մուտք ու ելք անել հեռուստաընկերության շենք, քանի որ այն շրջափակված է ցուցարարներով: