Գյումրիում վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդերը պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները. փետրվարի 12-ին` ժամը 13:00-նրանք մտադիր են ավտոերթ անցկացնել: Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Դեռ առավոտյան վարորդներից մեկին Գյումրիի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանի հրամանով, մեղմ ասած, հրավիրել են ոստիկանատուն: Վարորդներն ինձ զանգեցին, ես նրանց ասացի, որ մեքենայից չիջնեն ու ոչ մի տեղ չգնան, մինչև գամ: Մինչ հասա տեղ, մի վարորդի հետ 4 ոստիկան լեզվակռիվ էին անում, իսկ մեկին էլ հասցրել էին տանել բաժանմունք», – պատմել է Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքով` վարորդներն այսօրվա երթը սկսել են «Ասպարեզի» շենքի մոտից, որի հարակից թաղամասերը` մոտ 15 թաղամաս, փետրվարի 8-ին և 10-ին շրջափակված են եղել ոստիկանական մեքենաներով: Ոստիկաններն արգելել են վրացական համարանիշներով վարորդներին մոտենալ «Ասպարեզի» շենքին:
«Այսօրվա ավտոերթին մասնակցում էին ավելի քան 120 մեքենաներ, իսկ ճանապարհային ոստիկանության մեքենաներն էլ խաղաղ ուղեկցում էին նրանց: Ավտոերթն ընթացավ Գյումրիի կենտրոնական փողոցներով և ավարտվեց ոստիկանության շենքի առջև, քանի որ երթի ժամանակ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարորդներից մեկին հրավիրել էին բաժին: Ավտոերթի մասնակիցներն էլ որոշեցին իրենց զորակցությունը հայտնել իրենց ընկերոջը և ուղևորվեցին նրա հետևից»,- ասել է Բարսեղյանը:
Գյումրիի ավտոճանապարհային ոստիկանության պետը, գնդապետ Արթուր Բիչախչյանը, ոստիկանության շենքի մոտ տեսնելով 200-ից ավելի մարդկանց, հետաքրքվել է, թե ինչու են մարդիկ հավաքվել:
«Ես և վարորդները նրան բացատրեցինք, որ եկել ենք սատարելու այն վարորդին, ով այդ պահին գտնվում է ոստիկանության բաժնում»,- ասել է մեր զրուցակիցը:
Նա նշել է նաև, որ քիչ անց վարորդը դուրս է եկել բաժնից:
Բարսեղյանը տեղեկացրել է նաև, որ Գյումրիի վարորդներին իրենց զորակցությունն են հայտնում նաև Ստեփանավանի և Վանաձորի վարորդները, և նրանք բոլորը դատապարտում են յուրաքանչյուր քաղաքական շահարկում իրենց բողոքի ակցիաների վերաբերյալ:
«Վարորդներն ասում են, որ շարունակելու են իրենց ակցիաները, և այստեղ ամենակարևորն այն է, որ իրենք են նախաձեռնում և կազմակերպում դրանք: Նրանք որոշել են նախապես չասել օրվա ավտոերթի երթուղին. երթից միայն 5 րոպե առաջ են որոշելու, և այդ մասին տեղյակ է լինելու առջևից գնացող վարորդը, մնացածը հետևելու են նրան: Վարորդներն ասում են, որ այս միջոցով մեծ անհանգստություններ են պատճառելու ոստիկաններին, և խոստացել են, որ նրանց համար «հեշտ չի լինելու»»,- եզրափակել է Բարսեղյանը:
Լուսանկարը` asparez.am-ի