Փետրվարի 11-ին կայացավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ հայ-ուկրաինական փոխհարաբերությունների առավել ամրապնդման և նոր մակարդակի բարձրացման համար առկա են փոխադարձ վճռականություն և բոլոր հնարավորությունները:
Հայաստանի և Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան ՀՀ նախագահի՝ Ուկրաինա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցեր: Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև գոյություն ունի ընդարձակ իրավապայմանագրային դաշտ, որը հարկավոր է ընդլայնել նոր փաստաթղթերով:
Նախարարները մանրամասնորեն քննարկեցին հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր՝ կարևորելով այդ կառույցի պարբերական նիստերի անցկացումն ու արդյունավետության բարձրացումը:
Էդվարդ Նալբանդյյան ու Կոնստանտին Գրիշչենկոն պայմանավորվեցին միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսման, հումանիտար բնագավառի փոխանակումների, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին:
Ուկրաինայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: 2013 թ. ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության համատեքստում ընգծվեց ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակաբար հնչեցվող դիրքորոշմանը համահունչ փոխգործակցությունը:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին 2011-2012 թթ. հայ- ուկրաինական համագործակցության ծրագիրը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի և Ուկրաինայի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հուշագիրը: