ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ:
Ուկրաինայի արտգործնախարարը Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված բանակցությունների արդյունքները` դրանք համարելով բազմաբնույթ և արդյունավետ:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը կզարգանա բոլոր մակարդակներում` սկսած ամենաբարձր մակարդակից: Հայաստանի արտգործնախարարի հետ մենք պայմանավորվեցինք հաճախ հանդիպել, քանի որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպե՞ս է զարգանում իրավիճակը մեր տարածաշրջանում և ձեզ մոտ: Եվ քանի որ այս գլոբալ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, պետք է խորհրդակցել այն թեմաներով, որոնք հիմա առավել արդիական են»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:
ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել վերջին մեկ տարվա ընթացքում երկկողմ քաղաքական հարաբերություններում արձանագրված դրական տեղաշարժերին զուգահեռ տնտեսության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ուկրաինական փոխգործակցության զարգացմանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Կոնստանտին Գրիշչենկոն Սերժ Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի նախագահի ողջույններն ու նշել, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ջերմորեն է հիշում անցյալ տարի նախագահ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումները և սպասում է Հայաստանի նախագահի այցին Ուկրաինա: