Գիշերային ակումբում ծեծի ենթարկված Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանի հարցը մնում է Էջմիածնի օրակարգում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի դիվանի խոսնակ Վահրամ Մելիքյանը:
Նրա խոսքով` Վեհափառ Հայրապետի հանձնարարականով առաջնորդական տեղապահ է նշանակվել, ով մարտի մեկից արդեն կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը հարձակման էր ենթարկվել հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին նրա վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցում քահանան ասել էր, որ ինքը Ռուսաստանից եկած ընկերոջ հետ էր այցելել ակումբ, որտեղ իրենք ընդամենը «2 հատ հիսուն վիսկի էին խմել»:
Բուլղարիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ տեր Սարգիսը ներգրավված է նաև թմրանյութերի բիզնեսի մեջ:
«Մենք հետևողականություն ենք ցուցաբերում և միայն նրա հետ հանդիպումից և զրույցից հետո կկարողանանք համապատասխան արձագանք տալ: Մինչ այդ ես ավելի մանրամասն ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է տեր Վահրամը` արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե Բուլղարիայի հայ համայնքի փոխանցմամբ` տեր Սարգիսը գերազանց առողջական վիճակում է գտնվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեր Վահրամը փոխանցել էր Epress.am-ին, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն վերջինս չի ներկայացել, քանի որ ապաքինման մեջ է: