Home / Հայաստան / Ինչպես էր Ավետ Բարսեղյանը քծնում Սիրուշոյին

Ինչպես էր Ավետ Բարսեղյանը քծնում Սիրուշոյին

Ավետ Բարսեղյանը չէր կարողացել բոյկոտել հաղորդումը ու ստիպված էր Սիրուշոյի կիսատ-պռատ ընկճված ու տխուր խոսքին ոգևորության, սիրո հեշտագին շեշտադրումներ հաղորդել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Շատ մեղք էր Սիրուշոն. ակնհայտ շփոթմունքը, հոր` իր շուրջ ձևավորված անհեթեթ իրավիճակը թույլ չէր տալիս նրան միտք արտահայտող մեկ պարզ համառոտ նախադասություն սկսել ու ավարտին  հասցնել: «Մոռացա ինչ էին ուզում ասել», «միտքս սավառնում է», «…լավ որ հիշեմ` կասեմ», անընդհատ այսպիսի ձևակերպումներով նախադասությունը կիսատ էր թողնում Սիրուշոն:

Ավետ Բարսեղյանի քծնանքը պարզապես նողկալի էր: Եթե Սիրուշոն խղճահարություն էր առաջացնում , ապա այդ ֆոնին Ավետի պաթոսն այնքան կեղծ ու զզվելի էր, որ դժվար է բառերով նկարագրել այդ ամենը: Սիրուշոյի մասին ֆիլմ-հաղորդման գաղափարի հեղինակը երգչուհու հայրն է` Հրաչյա Հարությունյանը, գաղափարի իրականացումը ևս նրանն է: Չլիներ չկայացած հոր սինդրոմը շնորհալի երեխայի հաշվին վերջին ճիգով ինքնահաստատվելու, խեղճ Սիրուշոն ստիպված չէր լինի եթերից արցունքները կոկորդում խեղդող ձայնով ապացուցելու, որ նրանք, ովքեր զանգահարել և շնորհավորել են իրեն ֆիլմի առիթով, կայացած են, իսկ չարախոսները` չկայացած ու վատ մարդիկ են: Սիրուշոն ցավ հայտնեց, որ ինքն էլ տխրում է, որ մեր մեծերի մասին ֆիլմեր կամ նմանատիպ բազմասերիանոց հաղորդումներ չկան: «Բայց որ չկա` չի նշանակում, որ չպետք է լինի: Մի օր մեկը պետք է սկսի ու հիմք դնի, չէ՞», հայտարարեց Սիրուշոն` իրեն դասելով ազգի մեծերի կողքին: «Եվ առաջինը նորից դու ես», եզրափակեց Ավետը: Լավ ծիծաղեցինք ու տխրեցինք թե՛ Ավետի, թե՛ Սիրուշոյի համար: