Home / Հայաստան / Ռուսաստանցի վերլուծաբանին չի հետաքրքրում Հայաստանի հավաքականի խաղը

Ռուսաստանցի վերլուծաբանին չի հետաքրքրում Հայաստանի հավաքականի խաղը

Эхо Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը և ֆուտբոլային վերլուծաբան Վասիլի Ուտկինը «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման ժամանակ փորձել են պատասխանել հետևյալ հարցին. «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականին: Արդյո՞ք Վրաստան-Հայաստան խաղի 2:1 ինչ-որ բան նշանակում է»:

«Ես ոչ մի կերպ էլ չեմ գնահատում Հայաստանի հավաքականը: Ես վերջին անգամ դիտել եմ Հայաստանի խաղը Իսպանիայի հավաքականի հետ` նախորդ «Եվրո»-ի ընտրարական փուլի շրջանակներում, երբ խաղում էին Քարամյան եղբայրները», – ասել է Ուտկինը, ինչին Բունտմանը նկատել է. «Ուրեմն դու ոչինչ էլ չես տեսել: Դու Հայաստանի այս հավաքականին չգիտես»:

Ուտկինը հայտարարել է, որ չի պատրաստվում ուսումնասիրել Հայաստանի հավաքականին, թեև մեծ հարգանքով է վերաբերում:

«Ես պարզապես ուզում եմ տեսնել այդ խաղը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է` ինչ ցույց կտա Ռուսաստանը: Որովհետև, եթե Ռուսատսանի հավաքականը խաղա գոնե իր հնարավորությունների 80 տոկոսով, իրեն արդեն մեկ կլինի` դիմացինը Հայաստանի հավաքականն է, թե մեկ այլ երկրի»:

Բունտմանի խոսքով` այսօրվա Հայաստանի հավաքականը` ուրախ, երիտասարդ թիմ է, որը միշտ «մազից է կախված»: «Նյարդայնացան վերջում` հիմար 11-մետրանոց վաստակեցին 93-րդ րոպեին: Չնյարդայնացան` գնդակներ ուղարկեցին մրցակցի դարպասը, գերազանց հաղթեցին»:

Ուտկինը, իր հերթին, հաջողություն մաղթեց Հայաստանի հավաքականին բոլոր մյուս հանդիպումներում, սակայն նշեց, որ Հայաստանի հետ խաղում իրեն հետաքրքրելու է Ռուսաստանի հավաքականը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Եվրո-2012-ի ընտրական փուլում սեփական դաշտում հաղթանակ տարավ խմբի առաջատար Սլովակիայի նկատմամբ` 3:1 հաշվով, ինչը թույլ տվեց Ռուսաստանին հայտնվել աղյուսակի առաջին հորիզոնականում: Երկրորդ, երրորդ և չորրորդ հորիզոնականները 7-ական միավորով բաժանում են Իռլանդիան, Հայաստանն ու Սլովակիան: 5-րդ տեղում է Մակեդոնիայի ընտրանին է, իսկ վերջին հորիզոնականում է Անդորրայի հավաքականը: