Home / Հայաստան / Իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվում է. ԳԱԼԱ

Իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվում է. ԳԱԼԱ

Այսօր ավարտվել է Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի և «ՉԱՊ» ՍՊԸ –ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունը, իր հայտարարության մեջ նշում է «ՉԱՊ» ՍՊԸ-ի կողմից գործարկվող «ԳԱԼԱ»  հեռուստաընկերությունը:

«Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Հակոբյանը հրապարակեց վճիռ, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է ավելի ահագնանալ: Դատարանը  բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը և պահանջեց մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը /անտենան/ և մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ անվճար  հարկադիր սերվիտուդ սահմանելու պահանջը, դատարանը մերժեց: Դատավորը նաև կողմերին զգուշացրեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով», – ասված է «ԳԱԼԱ»-ի կողմից տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այս  գործով ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը դեռևս 2008թ.-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը ևս մնացել էր այն դիրքորոշմանը, որ քաղաքապետարանի հայցը ենթակա է բավարարման, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել էր ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը դարձյալ ուղարկել ՀՀ ՇՄ Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով, նոր քննության:

«Նոր կազմը ևս մնաց հաստատակամ և կայացրեց այնպիսի որոշում, որը սպասելի էր: Իսկ այս գործի նախապատմությունը, երկարաժամկետ հետաձգումները, կասեցումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պարզապես իշխանություններն  իրենց առաջ խնդիր էին դրել ժամանակ շահել և ճիշտ պահին լռեցնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը», – նշում են հայտարարության հեղինակները:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նշում է, որ դատական հերթական նիստը համարում է ակնհայտ կողմնակալ  և ապօրինի.

«Ուստի շարունակելու ենք պայքարը ազատ խոսքի պաշտպանության և հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար»: