Հազարավոր մարդկանց կրկին հաջողվել է մտնել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող «Մարգարտյա» հրապարակ, որը մի քանի օր է, ինչ դարձել է Բահրեյնի ընդդիմության հավաքատեղին: Հակակառավարական ցույցերի մասնակիցներին հաջողվել է դուրս մղել ոստիկանությանը Մանամայի կենտրոնից:
Երեկ առավոտյան Բահրեյնի արքայազն Շեյխ Սալման բին Համադ ալ-Խալիֆան հայտարարել էր, որ ոստիկանությունը և զորքերն ուժով կվերականգնեն կարգը քաղաքում, որից հետո ցուցարարները գրոհել էին «Մարգարտյա» հրապարակը, սակայն հետ էին շպրտվել ուժայինների կողմից: Բախումների հետևանքով 80 մարդ է վիրավորվել:
Սակայն ցուցարարները շարունակել են գրոհները և, վերջ ի վերջո, կարողացել են դուրս մղել ուժայիններին հրապարակից:
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, այդ իրադարձությունները զայրույթի նոր ալիք են բարձրացրել ընդդիմության շրջանում: Եթե նախկինում ցուցարարները պահանջում էին կառավարության և վարչապետի հրաժարականը, ապա այժմ ձայներ են լսվում, որոնք պահանջում են թագավորական ընտանիքի հեռացումը իշխանությունից:
Ընդդիմությունն արդեն ձևակերպել է իր պահանջներից մեկը՝ ստեղծել սահմանադրական թագավորություն Մեծ Բրիտանիայի օրինակով, որտեղ թագավորական ընտանիքը չի մասնակցում երկրի կառավարմանը:
Ուրբաթ երեկոյան Բահրեյնի արքայազնը դիմել է ցուցարարներին ՝ խնդրելով երկխոսություն սկսել, սակայն ընդդիմությունը հրաժարվել է առաջարկից՝ նշելով, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն այն ժամանակ, երբ բանակն ամբողջովին դուրս կբերվի Մանամայի փողոցներից: