Իրաքի քրիստոնեական եկեղեցիների մի շարք առաջնորդներ անցյալ շաբաթ հանդիպում են ունեցել Ժնևում միջազգային եկեղեցական առաջնորդների, ինչպես նաև Եկեղեցիների Կենտրոնական Հանձնաժողովի Համաշխարհային Խորհրդի (WCC) ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված է եղել ներկայումս Իրաքում առկա խնդիրներին, եկեղեցիների վրա գործադրվող ճնշումներին, ինչպես նաև ժողովրդի սոցիալական վիճակին, hաղորդում WCC-ն:
Իրաքի քրիստոնեական եկեղեցիների պատվիրակությունը խոսել է ոչ միայն վերջին ժամանակներս քրիստոնյաների նկատմամբ իրականացվող բռնությունների, ինչպես օրինակ 2010 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած կրակոցների, և Բաղդադում գտնվող կաթոլիկ եկեղեցում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացրած պայթյունի, այլ նաև ընդհանրապես Իրաքում ժողովրդի հանդեպ շարունակաբար տեղի ունեցող դաժանությունների մասին:
«Եթե այսպես շարունակվի, ես կարծում եմ, եկեղեցիները լուրջ վտանգի առջև կկանգնեն»,-ասել է Իրաքում Հայկական առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Իրաքի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների խորհրդի գլխավոր քարտուղար, արքիեպիսկոպոս Ավագ Ասադուրյանը:
Քննարկվել է նաև երկրում անվտանգության բացակայության հարցը, ինչպես նաև միգրացիայի խնդիրը, որը հանգեցնում է մեծ թվով մարդկանց արտագաղթի:
Չնայած ճնշմանը, Իրաքում գործող եկեղեցիները շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել, նշել են հոգևոր առաջնորդները:
Ասադուրյանը խոսել է նաև այն մասին, թե ինչպես են համայնքային քահանաները ակտիվ գործունեություն իրականացնում ծանր կենսապայմաններում ապրող մարդկանց մասին հոգալու հարցում, սնունդ են տրամադրում և գիշերելու տեղ հատկացնում:
Նա նաև ընդգծել է եկեղեցուն ծառայող կանանց խմբերի դերը եկեղեցու գործունեության մեջ. «Նրանք շատ ակտիվ են և իրավապաշտպան խմբերի անդամներ են: Նրանք այցելում են տարբեր ընտանիքներ` հասկանալու վերջիններիս խնդիրները, կարիքները և փորձում են ինչ-որ կերպ օգնելու վերջիններիս»:
«Բայց ամեն դեպքում կարիքավորներ շատ կան, և այն, ինչ մենք տալիս ենք, երբեմն չի բավարարում նրանց», – ասել է Ասադուրյանը: