Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը տեսնում է միայն երկխոսության մեջ: Այս մասին նա հայտարարել է Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Միայն երկխոսությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում երկարատև կայունության: Այս տեսանկյունից կարելի է միայն ողջունել Վրաստանի նախագահի ջանքերը, ով պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ»,- նշել է Սեմնեբին:
Նա ընդգծել է, որ այդ հարցում ԵՄ-ն պատրաստ է Վրաստանին աջակցություն ցուցաբերել:
«Վրացիներն ու աբխազները, վրացիներն ու օսերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և լուծեն բոլոր խնդիրները, հարաբերությունների կարգավորման այլ տարբերակ չկա»,- նշել է նա:
Սեմնեբին կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է փոխզիջումների գնան` տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար: «Առանց փոխզիջումների անհնար է հասնել հաջողության: ԵՄ-ն պատրաստ է իր լուման ներդնել այդ գործընթացին և հնարավոր բոլոր միջոցներով նպաստել կողմերի դիրքորոշումները մերձեցնելուն»,- եզրափակել է Սեմնեբին: