Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել առ այն, որ Մերձավոր Արևելքի բողոքի ալիքը պատրաստել էին արտաքին ուժերը: Նախագահի խոսքով` «ավելի վաղ նույն ուժերը նման սցենար էին պատրաստում նաև մեզ համար: Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններն անմիջական ազդեցություն կունենան Ռուսաստանում տիրող իրավիճակի վրա»: Քաղաքագետները կարծում են, որ նախագահը որոշել է հիշեցնել «դավադրության տեսությունը», ինչը չի գործում ի օգուտ նրա իմիջի:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի Վլադիկավկազում տեղի ունեցած ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և ողջ արաբական աշխարհում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել խիտ բնակեցված երկրների մասնատմանն ու ֆանատիկոսների իշխանության գալուն: Նրա խոսքով` սա շատ լուրջ իրավիճակ է, շատ դժվարություններ են սպասվում առջևում»:
Մի շարք դեպքերում, նշել է նախագահը, երկրները կարող են «մանր բեկորների» բաժանվել: Իսկ այդ պետություններն այնքան էլ հասարակ երկրներ չեն, հավանական է, որ լուրջ իրադարձություններ տեղի ունենան, ներառյալ ֆանատիկոսների իշխանության գալը` սա կնշանակի հրդեհներ տասնամյակներ շարունակ, և ծայրահեղականության տարածում, անհրաժեշտ է ճշմարտության աչքերին նայել»,- ասել է Մեդվեդևը:
Այնուհետև նա հավելել է, «Նման սցենար նրանք մեզ համար էլ էին նախապատրաստում, սա հարմար առիթ է փորձելու համար կյանքի կոչել այդ ծրագիրը. սակայն նման սցենարը մեզ մոտ չի գործի»: Իսկ թե ովքեր են «նրանք», նախագահը չի մանրամասնել: