Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունները կտևեն առավելագույնը 10 օր, և Ռուսաստանն այդ գործընթացի միակ մասնակիցը չի լինի: Այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով` ոչ ոք թույլ չի տա Ռուսաստանին լուծել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վրացական սցենարով: «Ոչ ոք թույլ չի տա հակամարտող կողմերին պատերազմել ավելի քան 5-10 օր, քանի որ հակամարտության գոտում շատ մեծ թվով զոհեր կլինեն: Բացի դրանից, կողմերից և ոչ մեկը չի կարող 10 օրվա ընթացքում լուծել իր խնդիրները», – ասել է փորձագետը:
Սկակովը կարծում է, որ նման պայմաններում «Բաքվին կհաջողվի վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները, բացի, երևի, Լաչինից»:
Սակայն այդ տարածքներում, ըստ Սկակովի, կտեղակայվեն ոչ թե ադրբեջանական զորքեր, այլ խաղաղարար ուժեր` Ռուսաստանից, Եվրոպայից կամ ԱՄՆ-ից:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ռուսաստանցի փորձագետի խոսքով, վերջինիս կխոստանան առաջատար դեր այս գործընթացում, սակայն կարող են նաև պարզապես «գցել, ինչպես դա եղավ Պրիշտինայում»:
Ընդ որում` ամենավտանգավորը կլինի Իրանի արձագանքը, քանի որ, եթե Ռուսաստանի համար Ղարաբաղի շուրջ կամ Նախիջևանի մոտ ամերիկյան զորքերի ներկայությունը պարզապես տհաճ կլինի, ապա Թեհրանի համար դա մահացու սպառնալիք է, կարծում է Սկակովը: